Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոյի գլխավորած պատվիրակությունը մարտի 1-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Կապանի փոխքաղաքապետ Գոռ Թադևոսյանի ուղեկցությամբ:

Պատվիրակության կազմում էին Սենտ-Էտիենի հայկական ասոցիացիայի նախագահ Վրեժ Խոսրովյանը, Սենտ-Էտիենի քաղաքապետի խորհրդական, Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ Ժան Պիեռ Կոտչյանը և այլք:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ֆրանսիայից ժամանած հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն և նրա խորհրդական Ժան Պիեռ Կոտչյանը գրառումներ են կատարել  Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Սենտ-Էտիենի քաղաքապետի խորհրդական Ժան Պիեռ Կոտչյանն էլ իր հերթին Հայոց ցեղասպանության թանգարանին է հանձնել իր հեղինակած «Սատանայի գործը» կտավը:

105