
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում մարտի 3-ին մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» (Mobile World Congress 2025) միջոցառումը, որին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն երրորդ անգամ ներկայանում է հայկական միասնական տաղավարով՝ հնարավորություն ընձեռելով հայրենական տեխնոլոգիական ընկերություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է հայկական տաղավար, ծանոթացել նախարարության՝ հայկական միասնական տաղավարով հանդես եկած ոլորտային կազմակերպությունների կողմից ներկայացված արտադրատեսակներին:
Ցուցահանդեսին մասնակցում են ոլորտային 17 կազմակերպություններ, որոնցից 10-ը՝ որպես ցուցադրող, 7-ը՝ որպես այցելու, ինչպես նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» (Enterprise Armenia) հիմնադրամը: Ցուցահանդեսը բջջային տեխնոլոգիաների և կապի ոլորտի առաջատար միջազգային միջոցառում է, որտեղ ներկայացվում են կապի նորագույն տեխնոլոգիաներ, արհեստական բանականության լուծումներ և այլն։
Միջոցառումը բաղկացած է լինելու նաև ոլորտային համաժողովներից, կլոր սեղաններից, պետական բարձրաստիճան պաշտոնյաների պանելային քննարկումներից, որոնք հնարավորություն կընձեռեն մասնակիցներին գործարար կապեր հաստատելու ոլորտի ներկայացուցիչների և որոշում կայացնողների հետ: