Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կատարած սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Հաջորդիվ հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում է աջակցության ծրագրի ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը։

Կարևոր է իմանալ․ ՀՀ ռեզիդենտ համարվելու համար ֆիզիկական անձը պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվի Հայաստանում կամ նրա կենսական շահերի կենտրոնը գտնվի Հայաստանում, մասնավորապես, ֆիզիկական անձի ընտանիքը, տունը կամ բնակարանը, մասնագիտական կամ այլ գործունեության հիմնական վայրը պետք է գտնվի Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև Հայաստանում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող անձինք:

Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից

Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և արդեն ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիր, ապա Ձեր եկամտային հարկի գումարից կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Հնարավորությունը գործում է ինչպես Ձեր, այնպես էլ Ձեր ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերի դեպքում։

Փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե հաշվետու տարվա ընթացքում կրթության և/կամ առողջապահության գծով կատարել եք սոցիալական ծախսեր։

Ո՞ր դեպքում կարող եք օգտվել կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից

Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող եք օգտվել հետևյալ դեպքերում․

  1. Հայաստանում գործող նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) հաստատություններում, ինչպես նաև միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար կատարել եք ուսման վճարում։ Հիշեք, որ ուսման վճարի փոխհատուցման նպատակով՝ 2025 թվականի փետրվարի 15-ից հետո վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով։
  2. Հայաստանում գործող երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և կրթու­­թյան պետա­­կան կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների համար անկանխիկ եղանակով կատարել եք ուսման վճարում:
  3. Կրթու­­թյան պետա­­կան կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների համար անկանխիկ եղանակով կատարել եք ուսման վճարում։
  4. Միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթության շրջանակում դասագրքերի վարձակալության համար կատարել եք վճարում։ Այս դեպքում վճարումները կարող են կատարվել կանխիկ եղանակով, քանի որ դասագրքերի վարձակալության դեպքում վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։ Դասագրքերի վարձակալության գծով ծախսերի փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան կազմում է 3000 դրամ։

Համապատասխան կազմակերպությունների և ծրագրերի ցանկը հասանելի է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում։

Կարևոր է իմանալ․ նույն անձի համար կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից կարող են օգտվել ընտանիքի հայտարարատու հանդիսացող մի քանի անդամ։ Օրինակ, եթե ուսումնական տարվա մեկ կիսամյակի համար ուսման գծով ծախսը կատարել է մայրը, իսկ մյուս կիսամյակի համար՝ հայրը, ապա երկուսն էլ, միաժամանակ, կարող են ստանալ փոխհատուցում։ Այս դեպքում կարևոր է՝ որպես սոցիալական ծախս կատարող հաշվարկային փաստաթուղթը դուրս գրված լինի յուրաքանչյուրի հանրային ծառայությունների համարանիշով՝ առանձին-առանձին։

Ինչպես պարզել կրթական ծրագրերի երաշխավորված լինելը

Պարզելու համար՝ արդյոք արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթական ծրագիրը, որից Դուք օգտվել եք, երաշխավորված է կրթու­­թյան պետա­­կան կառավարման լիազոր մարմնի կողմից, թե՝ ոչ, այցելեք ԿԳՄՍՆ www.escs.am պաշտոնական կայքէջ, ապա մուտք գործեք «Սոցիալական կրեդիտ» բաժին և ծանոթացեք երաշխավորված ծրագրերի ցանկին, որոնք պարբերաբար լրացվում են՝ նոր երաշխավորվող ծրագրերին զուգընթաց։

Կարևոր է իմանալ․ 2024 թվականի ընթացքում արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի դիմաց կատարված վճարումները կփոխհատուցվեն, եթե այդ կրթական ծրագրերը երաշխավորվեն մինչև Ձեր կողմից հայտարարագրի (այդ թվում՝ ճշտված) ներկայացումը։ Իսկ հետագա հաշվետու տարիների ընթացքում կատարված վճարումները կփոխհատուցվեն, եթե կրթական ծրագրերը երաշխավորված լինեն հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթվի դրությամբ: 

Ո՞ր դեպքում կարող եք օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից

Առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող եք օգտվել հետևյալ դեպքերում․

  1. Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից՝ Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների համար ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ և դրա դիմաց կատարել եք վճարում։ Հիշեք, որ ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսի փոխհատուցման նպատակով՝ 2025 թվականի փետրվարի 15-ից հետո վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով։
  2. Հայաստանում ատամնաբու­ժա­­կան ծառայությունների համար 2024 և 2025 հաշվետու տարիների ընթացքում անկանխիկ եղանակով կատարել եք վճարում։

Կարևոր է իմանալ․ սոցիա­լա­կան փաթեթի շահառուներն առող­ջու­թյան ապահովագրա­կան փաթեթի դեպքում սոցիա­լա­կան ծախսի փոխհատուցումից կարող են օգտվել միայն ընտանիքի անդամ­ների համար, իսկ ատամ­նա­­բուժական ծառա­յությունների դեպքում կարող են օգտվել նաև իրենց համար կատար­ված ծախ­սերի դեպքում:

Որքան է կազմում փոխհատուցման գումարը

Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։

Անհրաժեշտ է հիշել, որ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույնը չափը կազմում է տարեկան 100․000 դրամ:

Այսինքն, եթե Դուք ուսման վճարի համար ստանաք 100.000 դրամ փոխհատուցում, ապա չեք կարող այլևս օգտվել առողջության ապահովագրական փաթեթի 50.000 դրամ փոխհատուցումից։ Երկու ուղղություններով փոխհատուցումից միաժամանակ կարող եք օգտվել, եթե դրանց հանրագումարը չգերազանցի 100.000 դրամը։

Ինչպես օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից

Կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է իրականացնել հաջորդիվ ներկայացվող քայլերը։

Քայլ առաջին՝ պահանջել հաշվարկային փաստաթուղթ

Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է սոցիալական ծախս կատարելիս՝ ծառայություն մատուցողից, այսինքն՝ ապահովագրական ընկերությունից, ատամնաբուժական ծառայություն մատուցողից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջել Ձեր տվյալներով հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս), որը դուրս գրելուց հետո ինքնաշխատ կարտացոլվի հայտարարագրման համակարգում։ Բացառություն են կազմում դասագրքերի վարձակալության համար կատարված վճարները, որոնց դեպքում հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհրաժեշտություն չկա, քանի որ հիմք է ընդունվում ԿԳՄՍ նախարարության կողմից հար­­­կային մարմնին տրամադրված՝ աշա­կերտ­ների և նրանց ծնողների վերա­բեր­յալ տեղե­­կատվու­թյունը (անուն, ազգանուն, ՀԾՀ):

Հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու նպատակով ծառայություն մատուցողին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ։ Իսկ այն դեպքում, երբ հայտարարատուն Դուք եք, բայց սոցիալական ծախսը կատարում եք Ձեր ընտանիքի անդամի համար, ապա պետք է ներկայացնեք նաև ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը (ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական, ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական, զավակի դեպքում՝ ծննդյան վկայական, որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ)։ 

Կարևոր է իմանալ․ եթե 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին, ֆիզիկական անձը պետք է ներկայացնի հայտարարագիր և 2024 թվականի ընթացքում կատարել է սոցիալական ծախս, սակայն չունի հաշվարկային փաստաթուղթ, ապա կատարված սոցիալական ծախսը հիմնավորելու և փոխհատուցում ստանալու համար ծառայություն մատուցողից կարող է պահանջել դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ։

Քայլ երկրորդ՝ ներկայացնել դիմում և ստանալ գումարը

Եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց հետո, հենց նույն համակարգի միջոցով, որով ներկայացրել եք տարեկան հայտարարագիրը, կարող եք դիմել և հետ ստանալ սոցիալական ծախսի համար վճարված գումարները՝ հետևյալ քայլերի հաջորդականությամբ․

  1. Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ, ապա գլխավոր էջից անցնելով «Հարկերի մարում/վերադարձ» բաժին՝ «Սոցիալական ծախսեր» պատուհանում կտեսնեք, թե որքան է կազմում վերադարձման ենթակա գումարը։ Ի դեպ, համակարգ կարող եք մուտք գործել, ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ՝ Self Portal բջջային հավելվածի միջոցով, որը հասանելի է՝ Apple App Store-ում՝ iOS-ի համար և Google Play Store-ում՝ Android-ի համար։
  2. Վերադարձեք համակարգի գլխավոր էջ և մուտք գործեք «Հայտարարագրեր» բաժին, ապա «Հայտարարագրերի ձևեր»-ից ընտրեք «Դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար» դիմումի ձևը։
  3. Դիմումի համար բացված պատուհանում լրացրեք բանկային հաշվեհամարը և փոխհատուցման ենթակա գումարի չափը։ Հաշվեհամարը լրացնելուց հետո բանկի անվանումը կլրացվի ինքնաշխատ։ Դիմումը գրանցելու համար սեղմեք «Գրանցել» կոճակը։
  4. Դիմումը գրանցելուց հետո կբացվի պատուհան, որտեղ անհրաժեշտ է սեղմել «Մարում/վերադարձ» կոճակը։ Սեղմելով այս կոճակը՝ Դուք համաձայնվում եք, որ տվյալ օրվա ավարտից հետո վերադարձ կատարվի Ձեր միասնական հաշվին։
  5. Գրանցված դիմումը հայտնվում է գլխավոր էջի «Լրացված հայտարարագրեր» բաժնում։ Վերջին քայլով պետք է սեղմել ստորագրել կոճակը, ընտրել ստորագրության տեսակը և էլեկտրոնային տարբերակով ստորագրել դիմումը, ապա սեղմել «Հանձնել ՊԵԿ» կոճակը։

Դիմումն ուղարկելուց հետո սոցիալական ծախսի գումարը Ձեր նշած հաշվեհամարին կփոխանցվի դիմումը ներկայացնելուց հետո՝ մինչև երրորդ աշխատանքային օրը։

Կարևոր է իմանալ․ եթե հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձն օգտվում է հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցում կկատարվի այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար հաշվարկված և/կամ վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարների միջև առկա է դրական տարբերության։

Օրինակ՝ եթե Ձեր տարեկան եկամտային հարկը կազմել է 800 000 դրամ, և տարվա ընթացքում հիփոթեքային վարկի մասով Ձեզ վերադարձվել է 650 000 դրամ եկամտային հարկ, ապա կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից՝ առավելագույնը 100 000 դրամի չափով, քանի որ գումարների տարբերությունը դրական է, և մնացորդը կազմում է 150 000 դրամ։ Մեկ այլ դեպքում, եթե Ձեզ վերադարձվել է 770 000 դրամ, ապա Ձեր սոցիալական ծախսի փոխհատուցումը կկազմի 30 000 դրամ, քանի որ գումարների դրական տարբերությունն այդքան է։ Իսկ չեք կարող օգտվել, եթե եկամտային հարկն ամբողջությամբ Ձեզ է վերադարձվել, հետևաբար չկա մնացորդ։

158