
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Araratnews-ը ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունների և միջազգային այլ իրադարձությունների շուրջ զրուցել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանի հետ։
- Պարոն Բլեյան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց նամակ է ստացել, որտեղ վերջինս հայտնել է խաղաղության բանակցությունների պատրաստակամության մասին:
Ըստ Թրամփի՝ Զելենսկին կստորագրի նաև օգտակար հանածոների արդյունահանման համաձայնագիրը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Զելենսկին տեղի տվեց ԱՄՆ ճնշումներին և հիմա արդեն Կիևին նոր պայմաններ կթելադրեն՝ ավելի վատ սցենարով։
- Կարծում եմ, որ ոչ․ հակառակը՝ նախագահ Զելենսկին կարողացավ դիմագրավել ճնշումներին, բայց հաշվի առնելով, որ նա պատերազմող երկրի ղեկավար է՝ պետք է գնար ընդառաջ։ Մենք արդեն գիտենք, որ հաջորդ շաբաթ հնարավոր է Վաշինգտոնում քառակողմ հանդիպում լինի նախագահ Մակրոնի, ՄԹ վարչապետի, Թրամփի ու Զելենսկու միջև, որտեղ ԱՄՆ նախագահին առաջարկելու են իրենց գծած ծրագիրը՝ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման կամ զինադադարի կնքման ծրագիրը, և արդեն այդտեղ մենք կհասկանանք, թե ինչ փոփոխություններ կան Թրամփի դիրքորոշման պարագայում, որովհետև Թրամփն էլ խոսեց Կոնգրեսում մի քանի ժամ առաջ, որ շատ դրական ազդակներ ունի ՌԴ նախագահից, չնայած ես մի փոքր թերահավատ եմ, որ Մոսկվան ցանկանում է զինադադար կնքել այն պայմաններով, որոնք առաջարկում է Եվրոպան՝ Ուկրաինայի տարածքում տեղակայել եվրոպական զինված ուժեր, իսկ դա Լավրովը մերժել է և հետևաբար պետք է տեսնենք նախագահ Թրամփը, որ նույն ջանասիրությամբ ճնշում էր գործադրում Ուկրաինայի նախագահի վրա՝ արդյոք նույնը կանի Պուտինի դեպքում։
- Ամերիկյան մամուլում տեղեկություններ կան, որ Զելենսկին հրաժարվել է Թրամփին ներկայացրած ամենակարևոր՝ անվտանգության երաշխիքներ ստանալու նախապայմանից։
- Այո, դա այն երաշխքին է, որով Ուկրաինայում տեղակայվելիք զինվորականները պետք է ունենան ԱՄՆ հովանավորչությունը և այստեղ է, որ Մակորնն ու Սթարմերը առաջիկա հանդիպմանը կքննարկեն նաև այդ նախագիծը, որովհետև եթե Թրամփը իսկապես հետաքրքրված է զինադադարով և որպեսզի այն չխախտվի, որը երկու անգամ արդեն խախտվել է։ Մի բան է կնքել զինադադար և թույլ տալ Ռուսաստանին վերազինվել ու նոր ուժեր բերել, որը անընդունելի է ուկրաինացիների համար և հենց դրա մասին է խոսում Վլադիմիր Զելենսկին։ Եթե ԱՄՆ նախագահն իսկապես հետաքրքրված է տևական խաղաղությամբ, այլ ոչ թե օրինակ 6 ամիս կամ դիցուք Թրամփի նախագահության ժամկետի ավարտից հետո և հետո արդեն Թրամփը սկսի մեղադրել օրվա իշխանություններին, որ իր ժամանակ դա տեղի չունեցավ։ Սա տարածքային վեճ չէ, այլ Ուկրաինան ենթարկեցնելու մասին է, ավելին՝ հետխորհրդային տարածքները, ընդհուպ՝ տարածքներ, որ այժմ գտնվում են Եվրամիությունում՝ Բալթյան երկրները, Լեհաստանը։
- Քանի որ օգտակար հանածոների արդյունահանման համաձայնագիրը հնարավոր է ստորագրվի այս անգամ, դա արդյո՞ք երաշխիք չէ, որ հրադադարը կպահպանվի։
- Դա այն է, ինչ փորձում է ներկայացնել նախագահ Թրամփը, իհարկե այստեղ կան անվտանգային երաշխիքներ, բայց ոչ ամբողջական․ դրանով նա փորձում է արդարացնել հետագա օգնությունը Ուկրաինային իր ընտրյալների համար, որովհետև նա եկել է որպես նախագահ այն լոզունգով, որ դադարեցնում է մեծ գումարների տրամադրումը Կիևին, որը նա ուռճացում է, բայց իրականում 1994 թվականին, երբ կնքվում էր ԱՄՆ-ՌԴ-ՄԹ և Ուկրաինայի միջև Բուդապեշտի համաձայնագիրը՝ իրենք արդեն իսկ ստանձնել էին պարտավորություն, որ երաշխավորում են Ուկրաինայի անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը․ այդ պատճառով Ուկրաինան համաձայնեց իր երրորդ մեծությամբ միջուկային արսենալը փոխանցել Ռուսաստանին, և Մոսկվան խախտեց իր ստանձնած պարտավորությունը, որից հետո նոր Արևմուտքը սկսեց աջակցել Ուկրաինային, հետևաբար դա ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ պարտավորություն․ հետևաբար՝ Թրամփն անկեղծ չէ, երբ ասում է, որ պարտավորված չեն օգնել, որովհետև եթե Ուկրաինան չհանձներ իր միջուկային արսենալը՝այսօր ոչ ոք չէր համարձակվի նրա վրա հարձակվել։
- Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ պաշտպանական ծախսերի համար նախատեսում է լրացուցիչ 800 մլրդ եվրո հատկացնել։ Որքանո՞վ Եվրոպան կկարողանա իր ուրույն անվտանգային ճարտարապետությունը ստեղծել ու դա ինչ ազդեցություն կարող է ունենալ Հրվ․ Կովկասի վրա։
- Չկա չարիք՝ առանց բարիքի․ Հայաստանը մի փոքր նման է Եվրամիությանը, երբ ՀՀ-ն ապավինել էր ՀԱՊԿ-ին և մենք անցած տարիներին տեսանք, որ այդ համակարգը չի գործում և նույնիսկ գործում է մեր դեմ և Եվրոպական միությունը նույնպես ապավինել է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին և այսօր նա տեսնում է, որ դա այդքան էլ ճիշտ չէ։ Իրենք հասկանում են, որ ժամանակն է եկել սպառազինվելու և պատրաստվելու հնարավոր պատերազմի, իսկ դա ամենալավ գրավականն է պատերազմ թույլ չտալու համար, որովհետև այդ դեպքում քեզ վրա չեն հարձակվի, որովհետև երբ դու ապավինում ես օվկիանոսից այն կողմ գտնվող գերտերության, որտեղ իշխանության կարող է գալ մեկը, որը մի քանի շաբաթում կփոխի ամբողջ միջազգային համակարգը և օրենքի վրա հիմնված ուժը փորձում է դարձնել ուժի վրա հիմնված աշխարհակարգ։ Սա Եվրոպական մայրացամաքի համար դրական է, և Հայաստանը պետք է ջանա և վստահ եմ կա այդ նոր ձևավորվող անվտանագյին համակարգում, որի մասին խոսում են հենց ԵՄ շրջանակներում։
- Ի դեպ, կան տեղեկություններ, որ խաղաղության հիմնադրամից ԵՄ-ն Հայաստանին լրացուցիչ միջոցներ կհատկացնի։
- Այո, իրենք շարունակում են Հարավային Կովկասը և մասնավորապես ՀՀ-ն դիտարկել, որ ԵՄ անդամ կարող է հանդիսանալ և Իրանի հետ սահման ունի, ինչը շատ կարևոր է լինելու։ ԵՄ-ն կարող է սահմանակից լինել Իրանի հետ, որը նաև Թեհրանի համար է կարևոր․ մենք բազմիցս լսել ենք, որ ԵՄ-ն ինքն ունի անվտանգային խնդիրներ․ այո, այն անվտանգային կառույց չէ, բայց տնտեսությունը և քաղաքականությունը անվտանգային բաղադրիչներ են և երբ ունես ամուր տնտեսական համագործակցություն ամենազարգացած միության հետ՝ այո, դա անվտանգություն է և այստեղ արդեն ԵՄ-ն ստանում է ռազմական բնույթի գործիքակազմ, և տեղեկություններ ստացվեցին, որ ԱՄՆ-ն ցանկանում է նույնիսկ որոշակի կարևոր պաշտոններ հանձնել Բրյուսելին ու նվազեցնել իր ներկայությունը, ինչը կուժեղացնի ԵՄ-ին և պետք է հասկանանք, որ միությունը դա կես միլիարդանոց շուկա է։ Եվ պետք է հասկանալ, որ Թրամփը հավերժ չէ ու այնպես չէ, որ հանրապետականներն ընդհանրապես աշխարհակարգին դեմ են․ պետք է հիշել, որ նախկին կարկառուն հանրապետականները ինչպիսի արտաքին քաղաքականություն էին վարում Բուշերի կառավարման ժամանակ։
Գեղամ Ադյան