

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր Կառավարության նիստում քննարկվեց ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումը օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին հարցը:
«Նախագիծը հնարավորություն է ընձեռելու, որպեսզի մենք վերանայելով մեր կրթաթոշակային քաղաքականությունը, նոր համակարգ ներդնենք արտերկրի բուհերում ուսանողների ֆինանսավորման տեսանկյունից»,- ասաց զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ծրագրով ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք կհանդիսանան ուսանող օտարերկրյա հեղինակավոր բուհերում, պետության կողմից կհամաֆինանսավորվեն. «Հիմնական պայման է, որ ծրագրին մասնակցի մասնավորը, որը կունենա առնվազն 100 աշխատակից: Կարևոր պայման է, որ քաղաքացին ուսման ավարտից հետո առնվազն 3 տարի համապատասխան մասնագիտությամբ աշխատի կազմակերպությունում»:
Վարչապետ Փաշինյանը նկատեց, որ այս թեման վաղուց է տանջում, որովհետև պետությունում չկա ծրագիր, որը ուսանողներին առաջնակարգ բուհերում ուսանելու և Հայաստանում գործելու հնարավորություն տա, որը երկրի զարգացման կարևոր պայման է. ««Լույս» հիմնադրամի կրթաթոշակներ ստացածների ընդամենը 20%-ն է, որ վերադարձել է Հայաստան, ստացվում է կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթն ենք ֆինանսավորում: Թվում է թե Կառավարությունը ուղիղ կամ անուղղակի աջակցում է, որ մարդիկ գնան սովորեն, գնում են հետ չեն գալիս: Եկանք էն եզրակացության, որ պետք է կոնկրետ ընկերությունների աջակցենք այն կանխավարկածով, որ մասնավորի նկատմամբ ստանձնած պայմանագրային պատավորությունը ավելի դժվար է չկատարել, քան Կառավարության նկատմամբ»:
Վարչապետը ցավով նշեց, որ չի հիշում, որ ժպիտով, ոգևորված արած որևէ ծրագիր իր նպաակին ծառայի. «Դահլիճից հենց դուրս է գալիս, ցեց է ընկնում ու սկսում են քրքրել: Ես համաձայն չեմ, որ մի հատ էլ մենք արտագաղթի ֆինանսավորման լրացուցիչ մեխանիզմ ստեղծենք»:
Մանրամասները՝ տեսանյութում