Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կանանց միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շուրջ 20 սաների հետ այցելել է Հայաստանի պատմության թանգարան՝ դիտելու «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։

Այցին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ՀԱՊ տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Նախարարը ողջունել է երեխաներին, հետաքրքրվել նրանցից՝ նախկինում եղե՞լ են արդյոք Հայաստանի պատմության թանգարանում, ինչ գիտեն Անահիտ աստվածուհու մասին, դպրոցական ո՛ր առարկան են սիրում և այլն: Երեխաները կիսվել են իրենց իմացությամբ, շրջայցի ընթացքում ուղղել իրենց հուզող հարցերն ու առաջարկները: Նախարարը կոչ է արել երեխաներին թանգարանում անպայման ծանոթանալ նաև այլ ցուցանմուշների պատմությանը, ինչպես նաև այցելել մեր երկրի այլ թանգարաններ՝ կարևորելով դրանց դերն ու ազդեցությունը աշխարհայացքի ձևավորման վրա:

Նշենք, որ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի՝ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը հնարավորություն ունեն դիտելու նաև դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվող ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները: Թանգարանի տնօրենի՝ Դավիթ Պողոսյանի խոսքով՝ շուրջ 5000 աշակերտ արդեն իսկ օգտվել է այդ հնարավորությունից:

Ցուցադրությունը բաց է մինչև 2025 թ. մարտի 21-ը:

413