
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 11-ին Ճապոնիայի Տոկիո քաղաքում մեկնարկել է FOODEX JAPAN 2025 ցուցահանդեսը՝ Ասիայում խմիչքի և սննդի խոշորագույն ցուցահանդեսներից մեկը։ Այդ մասին հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից:
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Ճապոնիայի ROTOBO գործարար միության աջակցությամբ այս տարի ցուցահանդեսին համատեղ տաղավարով մասնակցում են 10 հայկական գինեգործական ընկերություններ։
Ցուցահանդեսի շրջանակներում ճապոնական ներմուծող և վաճառող ընկերությունների համար կայացավ սեմինար, որի ընթացքում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայացրեց Հայաստանում խաղողագործության և գինեգործության պատմությունը, առանձնահատկությունները և զարգացման հեռանկարները։ Սեմինարին բացման խոսքով հանդես եկավ դեսպան Արեգ Հովհաննիսյանը՝ մեծապես կարևորելով ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը և շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին։
Ցուցահանդեսը կշարունակվի 3 օր՝ մինչև մարտի 14-ը։