
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 11-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության ամբիոնի ուսանողների հետ, որոնք պրակտիկա են անցնում Ազգային ժողովում:
Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով:
Պատասխանելով Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ընձեռած հնարավորություններին վերաբերող հարցին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ այն լայն արձագանք է ստացել միջազգային հանրության կողմից:
«Մենք պետք է անենք հնարավորը՝ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու նպատակով: Հայաստանի հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու անկախության, ինչպես նաև մեր երկրի տարածքով անցնող հաղորդակցության ուղիների նկատմամբ Հայաստանի իրավազորության սկզբմունքները քննարկման ենթակա չեն»,-համոզմունք է հայտնել Հակոբ Արշակյանը: Այս համատեքստում խորհրդարանի փոխնախագահը կարևորել է երկրի պաշտպանունակության բարձրացման անհրաժեշտությունն ու այս ուղղությամբ իրականացվող քայլերը:
Հակոբ Արշակյանը խոսել է նաև Հայաստանի պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացին, Ադրբեջանում պահվող հայ գերիներին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող հարցերի մասին:
Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին առնչվող հարցին ի պատասխան՝ բանախոսը կարևորել է 2025 թվականի հունվարին երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերությանը վերաբերող պայմանագիրը:
Հարցուպատասխան է ծավալվել նաև Հայաստանի և Եվրամիության տնտեսական հարաբերություների մասին: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը կարևորել է նաև տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ տնտեսության դիվերսիֆիկացումը բխում է Հայաստանի շահերից: Նրա խոսքով պետք է աշխատել միջազգային շուկաներում հայկական արտադրանքի վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ և գրավել նոր շուկաներ:
Ուսանողները հետաքրքրվել են նաև բարձր տեխնոլոգիական ոլորտի ռազմավարությամբ ու մարտահրավերներով: ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ վերջին տարիներին արձանագրվել է ոլորտի զարգացման շարունակական առաջընթաց: Որպես առաջին մարտահրավեր՝ նա նշել է արհեստական բանականության զարգացումը և կարծիք հայտնել, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դառնալու հարցում այլընտրանք չունի: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ առաջիկայում նոր գործիքներ կներդրվեն, որոնք առավել երկարաժամկետ պետական ծրագրեր մշակելու հնարավորություն կտան: