Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ «Թեքեյան» կենտրոնում միջոցառման ժամանակ երկու մտավորականների մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել։

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը Araratnews-ին փոխանցեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Ֆիզիկական ներգործությունը անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ)։

Կա մեկ տուժող:

Նշենք, որ երեկ Թեքեյան կենտրոնում Հայաստանի և Արցախի մտավորականների խորհրդաժողով էր տեղի ունեցել, որին սակավաթիվ մարդիկ էին մասնակցել։

Իրավիճակը լարվել է, երբ Ռոբերտ Սիմոնյանը հայտարարել է, որ ԼՂ-ն 1991 թվականին Արցախի և Հայաստանի ղեկավարները գրավել են ու տվել ադրբեջանցիներին. «Փաստաթուղթ կա մոտս»,-ասաց նա՝ հիշեցնելով Ալմա-Աթայի հռչակագիրը։

«1991 թ.-ին ի՞նչ են ստորագրել, Ալմա-Աթայի հռչակագրից տեղյակ չե՞ք։ Եթե տեղյակ եք, ոնց եք ասում, որ ազատագրվել է Արցախը։ Ոչ միայն Արցախն է ծախվել, այլ նաև Արմենիան է ծախվել։ Ձեր գիտակցությամբ՝ Հայաստանը։ Դուք բոլորդ դրան մասնակից եք։ Խաբում եք, իբր ազատագրել եք, մարդկանց թյուրիմացության մեջ ինչի՞ եք գցում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է վերանվանել Արմենիա, որովհետև ոչ մի քարտեզում չկա Հայաստանը, Հայաստանը բռնակցված տարածք է»։

Նրա այս ելույթին միջամտեց Աշոտ Սարգսյանը, նշելով, որ պատմության քննարկումը այսօրվա թեմա չէ։


Սիմոնյանն էլ դիմեց Սարգսյանին՝ հարցնելով. «Դո՞ւք էլ եք ФСБ –ի աշխատող». Ի պատասխան՝ Աշոտ Սարգսյանն ապտակեց Սիմոնյանին, և փոխադարձ հայհոյանքների տեղատարափից ու միմյանց բաժանելուց հետո հրավիրված քննարկումն ավարտվեց։

Գեղամ Ադյան

575