Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարտի 11-ին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ՝ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Միջնորդագրի մեջ անդրադարձ է կատարվել պատգամավորներից յուրաքանչյուրի կողմից կատարված գործողություններին։

Հովիկ Աղազարյանն իր իշխանական լիազորությունները չարաշահելով և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու դիմաց պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը հիմնավորվել է նաև վկաների ցուցմունքներով։

Կաշառք ստանալու դրվագներից մեկը վերաբերում է շինթույլտվություն տրամադրելուն և դրա դիմաց գումար ստանալուն։

Նշվում է, որ վկա Հայկ Նազարյանը նախաքննության ընթացքում, ի թիվս այլնի, ցուցմունք տալիս հայտնել է՝ 2023 թվականի ձմռանն իրեն դիմել է ֆեյսբուքյան ընկերներից Գոհարը և հայտնել, որ Հովիկ Աղազարյանն իր եղբորից՝ Արամից շինթույլտվության համար տարբեր չափերի գումարներ է վերցրել։

Նույն անձը պատմել է, որ գումարները տվել է Աղազարյանին՝ ինչ-որ մանկապարտեզ վերանորոգելու, դրա մոտ պետության կողմից իրեն հողատարածք տրամադրելու և դրա վրա էլիտար շենք կառուցելու համար։ Արամն իրեն հայտնել է նաև, որ դրանից առաջ Հովիկ Աղազարյանի հետ նույնաբովանդակ գործարք են կատարել նաև Դավթաշենում։

Հովիկ Աղազարյանին տրված գումարի մեջ ներառվել է նաև նրա ընկերուհու համար ընդհանուր 8000 դոլար արժողությամբ բջջային հեռախոս և մատանի գնելու գումարը, որը գնել է Արամը և նվիրել Հովիկ Աղազարյանի ընկերուհուն, երբ Աղազարյանը բացակայել է ՀՀ-ից։

Հայտնել է նաև, որ Արամն իրեն տեսանյութեր է ուղարկել, որտեղ պատմել է Հովիկ Աղազարյանի գումարները տալու մասին։ Բացի այդ, Արամը հայտնել է նաև, որ Աղազարյանը հանդիսացել է իր քավորը։

Ինքն այդ հարցով հանդիպում է կազմակերպել Արամի, Գոհար Սարգսյանի և Հովիկ Աղազարյանի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ևս մեկ պաշտոնատար անձ։

Քննարկվել են Հովիկ Աղազարյանի կողմից գումարները չվերադարձնելու հանգամանքները, որի ընթացքում խոսակցությանը ներկա անձն Արամին հորդորել է դիմել ոստիկանություն։

Հայտնել է նաև, որ Արամն իրեն ասել է՝ Հովիկ Աղազարյանին տված գումարները վերցրել է Ալիկ, Կարո անունով գործարարներից։

Նշվում է, որ նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել Գոհար Սարգսյանը, հայտնել՝ Արամն իր ընկերուհի Ռուզաննա Մկրտչյանի հարազատ եղբայրն է,  նաև այդ ընթացքում ցուցմունք է տվել Ռուզաննա Մկրտչյանը՝ հայտնելով, որ գումարի չափի վերաբերյալ տեղեկություններ չունի։

Նախաքննությամբ պարզվել է, որ Արամ Մկրտչյանը 2024 թվականի փետրվարի 15-ից լքել է ՀՀ-ն և չի վերադարձել։

278