Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Բերդ քաղաք: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, սահմանամերձ այս քաղաքում Հանրապետության նախագահն այցելել է շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս:
 

Անցյալ ամիս հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ կրակոցներ էին արձակվել նաև այս գործարանի ուղղությամբ:

Շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող այս ընկերությունը,
կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, վերջին ամիսներին զբաղված է նաև բժշկական դիմակների արտադրությամբ: Նախագահ Սարգսյանը շրջել է արտադրամասում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել արտադրության ընթացքին ու ծավալներին:

Ընկերության ղեկավարները ներկայացրել են ձեռնոցների արտադրության ամբողջական ընթացքը, նշել, որ դրանց հիմնական խմբաքանակը արտահանվում է ԵԱՏՄ երկրներ: Նրանք ներկայացրել են նաև արտադրամասերի և արտադրության ծավալների ընդլայնման ուղղությամբ ծրագրերն ու աշխատանքները, նշել, որ շուտով սահմանամերձ ևս մեկ գյուղում՝ Պառավաքարում, իր գործունեությունը կսկսի «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի նոր արտադրամասը:

 

635