Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի 142-րդ պլենար նիստին, որի ընթացքում քննարկվել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենսդրության վերանայմանն ուղղված նախաձեռնությունը:

Ինչպես հայտնում են նախարարությունից, հաշվի առնելով հարցի կարևորությունը` նախագիծը մինչև հանրային քննարկմանը և պաշտոնական շրջանառության դրվելը ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով`փորձագիտական կարծիք ստանալու նպատակով:

Նախաձեռնությունն ուղղված է գույքի օտարման դիմաց լրացուցիչ, առավել բարձր փոխհատուցման չափերի նախատեսմանը, օտարման ենթակա գույքերի ուսումնասիրության և գնահատման նոր, առավել համապարփակ ստանդարտների ներդրմանը, գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշումների հիմնավորվածության պահանջների նախատեսմանը, որոշումների և փոխհատուցման չափի վիճարկման դատավարական ընթացակարգերի հստակեցմանը, գերակա շահով պայմանավորված օտարման նպատակի իրագործման համար հստակ ժամկետների նախատեսմանը, գույքի օտարման դիմաց փոխհատուցման չտրամադրման դեպքերում պետության լրացուցիչ պատասխանատվության մեխանիզմների ներդրմանը:

Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել նախաձեռնությունը` նշելով, որ այն իրական քայլ է` ուղղված հանրության գերակա շահով պայմանավորված օտարման ընթացակարգերը ՄԻԵԴ-ի պահանջներին համապատասխանեցնելուն։ Հանձնաժողովը նշել է, որ ներդնելով առավել հստակ ընթացակարգեր և սկզբունքներ, ընդլայնելով փոխհատուցման կանոնները և ներառելով որոշակի ընթացակարգային երաշխիքներ՝ այս փոփոխությունները քայլ առաջ են և ունեն պոտենցիալ նվազեցնելու ՄԻԵԴ-ի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտումների ռիսկերը:

Միևնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովը նախագծի վերաբերյալ ներկայացրել է մի շարք կարևոր դիտարկումներ, որոնք քննարկվել են Արդարադատության նախարարության պատվիրակության հետ և կընդունվեն նախագծի լրամշակման ընթացքում` նախագծի հանրային քննարկմանն ընդառաջ:

136