Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Կոտայքի և Սյունիքի մարզերում անապահովության գնահատում անցնելու նպատակով առցանց դիմում ներկայացնելու ուղեցույց է հրապարակել։

Նախարարության տարածած ուղեցույցում նշված է. «Մարտի 17-ից Կոտայքի և Սյունիքի մարզերում ընտանիքների անապահովությունը գնահատվում է նոր համակարգի միջոցով։ Անապահովության գնահատում անցնելու համար դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://e-social.am/  հարթակում։

Այս նպատակով՝ անհրաժեշտ է մուտք գործել https://e-social.am/ հղմամբ, ապա «Կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարում» բաժնի «Անապահովության գնահատում և ծառայություններ» ենթաբաժին։ Մինչ դիմում ներկայացնելը՝ նախ անհրաժեշտ է գրանցվել հարթակում՝ նշելով անուն, ազգանուն, հայրանուն, հանրային ծառայությունների համարանիշ և անձնական այլ տվյալներ։   

Դիմումը լրացնելիս պարտադիր է հետևել ներքոնշյալ պահանջներին՝

  • դիմելուց առաջ համոզվեք, որ Ձեր ընտանիքի անդամները և Դուք հաշվառված եք Ձեր փաստացի բնակության վայրի հասցեում (բացառությամբ այն դեպքի, երբ Ձեր հաշվառման հասցեն հանդիսանում է պետական կամ համայնքային ծրագրերով կամ աղետի հետևանքով քանդված շենք/շինություն),
  • դիմումը ներկայացվում է առցանց և լրացվում է հայատառ,
  • Ձեր և ընտանիքի մյուս անդամների անձնական տվյալները հարկավոր է լրացնել այնպես, ինչպես դրանք նշված են անձը հաստատող փաստաթղթերում,
    եթե չի լրացել Ձեր 18 տարին, ապա Ձեր համար դիմումը պետք է լրացվի Ձեր ծնողի կամ օրինական ներկայացուցչի (խնամակալ) կողմից,
  • եթե Դուք դիմումը լրացնում եք որպես օրինական ներկայացուցիչ, ապա անհրաժեշտ է ներբեռնել խնամակալ լինելու մասին Խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման բնօրինակի գունավոր լուսապատճեն,
  • եթե դիմումը լրացնելիս անհրաժեշտ է ներբեռնել որևէ փաստաթղթի գունավոր լուսապատճեն, խնդրում ենք վստահ լինել, որ ներբեռնում եք ճիշտ այդ բնօրինակ փաստաթղթի լուսապատճեն,
  • անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի գունավոր լուսապատճենները չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված (կցվող փաստաթղթերի ցանկը՝ ստորև),
  • ներբեռնվող փաստաթղթերի գունավոր լուսապատճենը (լուսանկարի ձևով կամ պատճենահանող սարքի միջոցով թվայնացված) կարող է լինել jpg/jpeg/png/pdf ֆորմատով՝ առավելագույնը 10 MB ծավալով,
  • դիմումի պարտադիր լրացման ենթակա դաշտերը ցուցադրված են * նշանով,
  • առցանց դիմումից բացի, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն պետք է ներկայացնել բնօրինակ դիմումը՝ ընտանիքի բոլոր 18 տարին լրացած անդամների ստորագրությամբ։ Այս դիմումով Դուք և Ձեր ընտանիքի 18 տարին լրացած անդամները, իսկ օրինական ներկայացուցչի կողմից դիմումը ներկայացնելիս նաև Ձեր օրինական ներկայացուցիչը (խնամակալը), տալիս եք համաձայնություն այն մասին, որ դիմումում ներառված բոլոր անձինք համաձայն են ներկայացվող դիմումի բովանդակության հետ, ինչպես նաև ընդունում են դիմումի հետ կապված գործընթացի պայմաններն ու պարտավորությունները։ Ստորագրված բնօրինակ դիմումը 3 աշխատանքային օրվա ընթացքում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն չներկայացնելու դեպքում դիմումը ենթակա է մերժման։

Կախված ընտանիքի պայմաններից՝ դիմումի առցանց համակարգում պետք է կցել համապատասխան բնօրինակ փաստաթղթերի գունավոր լուսապատճենները։ Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

1.     Տեղեկանք՝ տրված համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կողմից։ Կցվում է այն դեպքում, երբ Ձեր հաշվառման հասցեն պետական կամ համայնքային ծրագրերով կամ աղետի հետևանքով քանդված շենք/շինություն է,

2.    Տեղեկանք՝ տրված զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումից (զինկոմիսարիատից)։ Կցվում է այն դեպքում, երբ Ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը պարտադիր ժամկետային զինծառայող է և շարունակում է հաշվառված մնալ Ձեր փաստացի բնակության տարածքում,

3.    Տեղեկանք՝ տրված նախնական, միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից։ Կցվում է այն դեպքում, երբ Դուք կամ Ձեր ընտանիքի որևէ անդամ առկա կամ հեռակա ուսուցման համակարգի ուսանող եք, և այդ տվյալը հասանելի չէ թվային համակարգում,

4.    Ամուսնության կամ ամուսնալուծության վկայական։ Անհրաժեշտ է կցել բոլոր այն դեպքերում, եթե ամուսնությունը կամ ամուսնալուծությունը գրանցվել է մինչև 2014 թվականը, ինչպես նաև, եթե գրանցվել է օտարերկրյա պետությունում (օտարերկրյա պետության կողմից տրամադրված փաստաթուղթը պետք է թարգմանված լինի հայերեն՝ նոտարական վավերացմամբ, իսկ սահմանված դեպքերում՝ նաև ապոստիլով հաստատված) կամ եթե այլ պատճառներով տվյալը հասանելի չէ թվային համակարգում,

5. Տեղեկանք ՀՀ պաշտպանության նախարարության ծառայողի աշխատավարձի մասին՝ տրամադրված համապատասխան մարմնի կողմից։ Անհրաժեշտ է կցել բոլոր այն դեպքերում, եթե դիմողի ընտանիքի անդամներից որևէ մեկն աշխատում է ՀՀ ՊՆ համակարգում և չի հանդիսանում քաղաքացիական ծառայող կամ չունի քաղաքացիաիրավական աշխատանքային պայմանագիր,

6.   Տեղեկանք՝ անձի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու որոշման մասին։ Անհրաժեշտ է կցել բոլոր այն դեպքերում, եթե դիմում եք ձեր խնամարկյալի կամ իր ընտանիքի համար,

7.    Տեղեկանք՝ տրված համայնքային անասնաբույժի կողմից։ Անհրաժեշտ է կցել բոլոր այն դեպքերում, երբ Դուք կամ Ձեր ընտանիքն ունի ընտանի կենդանի(ներ)։

Ուշադրությո՛ւն․

  • Ձեր դիմումը չի համարվի ներկայացված, եթե կցված չեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի գունավոր լուսապատճենները,
  • առցանց դիմումը ձևավորվում է ինքնաշխատ՝ Ձեր մասին շտեմարաններում առկա և Ձեր լրացրած տվյալների հիման վրա։ Այն հարկավոր է տպել «Տպել դիմումը» հրահանգի միջոցով, ստորագրել և կցել «Կցել ստորագրված դիմումը» հրահանգի միջոցով՝ Ձեր (կամ խնամակալ դիմումատուի) անհատական օգտահաշվից։ Անհրաժեշտ է կցված դիմումի բնօրինակը՝ ընտանիքի 18 տարին լրացած անդամների ստորագրությամբ, ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում․ հակառակ դեպքում Ձեր դիմումը կմերժվի,
  • եթե Միասնական սոցիալական ծառայության կողմից առցանց համակարգի միջոցով Ձեզ ուղարկվել է հարցում՝ դիմումում անճշտությունը վերացնելու առաջարկով, ապա անհրաժեշտ է խմբագրումն իրականացնել 2 աշխատանքային օրվա ընթացքում,

-Ի դեպ, դիմումը խմբագրելուց հետո անհրաժեշտ է տպել խմբագրված դիմումը, ստորագրել (ընտանիքի 18 տարին լրացած անդամների կողմից) և կցել նոր տարբերակը, իսկ բնօրինակը՝ խմբագրված դիմումի ներկայացման պահից սկսած 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության Ձեր բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոն,

  • դիմումում անճշտությունների վերացման նպատակով գործում է Միասնական սոցիալական ծառայության կողմից առցանց համակարգի միջոցով հարցման ընդամենը մեկ հնարավորություն, հետևաբար տվյալները լրացնելիս և փաստաթղթերի լուսապատճենները կցելիս անհրաժեշտ է հավաստիանալ դրանց ճշգրտության մեջ,
  • եթե հարցման արդյունքում, այնուհանդերձ, Ձեր ներկայացրած տվյալները թերի կհամարվեն, Ձեր դիմումը կմերժվի,
  • դիմումի ընթացքի, ինչպես նաև հետագա քայլերի մասին Դուք և Ձեր ընտանիքի 18 տարին լրացած անդամները կստանան ծանուցումներ էլեկտրոնային նամակով՝ Ձեր կողմից նշած էլ. փոստի հասցեներին,
  • եթե ցանկանում եք ստանալ ծանուցումները նաև SMS տարբերակով, ապա դիմումում պետք է նշել համապատասխան ընտրության կոճակը,

-   Որոշման մասին ծանուցումը և SMS ծանուցումները ուղարկվում են միայն դիմումատուին (կամ օրինական ներկայացուցչին),

  • խնդիրների կամ աջակցության համար կարող եք դիմել Ձեր բնակության վայրը սպասարկող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ զանգահարել 114 զանգերի կենտրոն»։

 

 

203