
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը ողջունել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը և կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ խիզախություն է ցուցաբերել՝ համաձայնելով այդ փաստաթղթին։
Անդերս Ֆոգ Ռասմուսենն այս մասին ասել է Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ ինքը «Ռասմուսեն Գլոբալ» կազմակերպության նախագահ է, որն օգնում է Հայաստանին ընդլայնել և կազմակերպել իր միջազգային կապերը։
«Ես այսօր Իջևանում հանդիպել եմ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, իսկ վաղը կհանդիպեմ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-հայտնեց Ռասմուսենը։
Ռասմուսենը նշեց, որ ցանկանում է Հարավային Կովկասում խաղաղություն տեսնել։
«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը և կարծում եմ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ խիզախություն է ցուցաբերել՝ համաձայնելով այդ փաստաթղթին»,-ընդգծեց Ռասմուսենը։
Նա նաև ցանկություն հայտնեց, որ Հայաստանի և Եվրոպայի միջև կապերն ավելի ուժեղ ու ամուր լինեն։
«Հայաստանը ժողովրդավարական ծիլ է, որը փորձում է աճել շատ բարդ հարևանության պայմաններում։ Այս իսկ պատճառով ես ցանկանում եմ, որ ԵՄ-ն ուժեղացնի իր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը»,-նշեց Ռասմուսենը։
Նա նաև աջակցություն հայտնեց ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։
«Եթե այդ նախաձեռնությունը կյանքի կոչվի, դա կնպաստի տարածաշրջանի առևտրի և բազմակողմանի համագործակցության զարգացմանը։ Ահա այս պատճառով էլ ես ցանկանում եմ, որ ԵՄ-ն օժանդակի ճանապարհների, երկաթուղու և այլ ենթակառուցվածքների կառուցմանը»,-ասաց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։
Նա կարծիք հայտնեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի կապն ապահովելու պարագայում տարածաշրջանը կհասնի բարգավաճման։