Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի մոնիթորինգի կայաններից 2025 թվականի մարտ ամսվա ստացված տվյալներով օդի միջինացված արժեքը PM 2,5-ի համար կազմել է 91, իսկ PM 10-ի համար՝ 37: Այդ արժեքները գտնվում են լավ կամ չափավոր աղտոտվածության միջակայքում: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

«Այս սեզոնին արդեն իսկ օդի որակն էականորեն փոխվում է դեպի լավը, որը ցույց են տալիս 173 սարքերը, որոնք տեղադրվել են Երևան քաղաքով մեկ: Հիմնականում խնդիրը լինում է ձմռան ամիսներին»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Զեկուցվեց, որ ձմռան ամիսներին օդի որակի խնդիրները պայմանավորված են նաև ջեռուցման սեզոնով, այսինքն՝ Երևանի օդն աղտոտող աղբյուրներին գումարվում է նոր աղտոտման աղբյուր՝ ջեռուցումը: Դա պայմանավորված է նաև Երևան քաղաքի աշխարհագրական դիրքով. սառը օդը լճանում է Արարատյան գոգավորության հատակային մասում և Երևան քաղաքում, արդյունքում այդ ամիսներին օդափոխանակությունը խախտվում է:

Խոսվեց նաև օդի աղտոտվածության՝ 2024 թվականի ամփոփագրի տվյալների մասին: Ըստ այդմ՝ Երևան քաղաքում նվազել է փոշիով աղտոտվածության մակարդակը՝ համեմատած նախորդ տարիների: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, 2024-ին արդեն Երևանում նվազել է այդ ցուցանիշը, և 4-րդն է այդ ցուցանիշով դիտարկվող քաղաքների մեջ:

Քաղաքապետը նաև հիշեցրեց՝ մինչև նախորդ տարի Երևանում օդի որակի չափման նման ծավալներ չեն եղել:  

«Այսինքն՝ այն սարքերի ծավալը և քանակը, որ նախորդ տարի ունեինք Երևան քաղաքում, 160-ից ավելի էր, և դա մեզ հնարավորություն է տվել լայնորեն խոսելու դրա շուրջ»,- ասաց քաղաքապետը:

169