
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բրազիլիայի պատվիրակության ղեկավար Կլաուդիո Կաժադու Սամպայոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Արսեն Թորոսյանը վերահաստատել է Լատինական Ամերիկայի երկրների հետ կապերն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը՝ ընդգծելով տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված ներուժը:
Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու հարցում: Այդ առումով անդրադարձ է կատարվել Հայաստանի և Բրազիլիայի խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջև համագործակցությանը, և ընդգծվել փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:
Արսեն Թորոսյանը շեշտել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության կարևորությունը:
Նա ողջունել է Բրազիլիայի դերն այդ ջանքերում և կարևորել Հայաստանի մասնակցությունը Բելեմում կայանալիք COP30-ին, ինչպես նաև հրավիրել գործընկերներին մասնակցելու 2026 թվականին Երևանում կայանալիք COP17-ին:
Արսեն Թորոսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամությունը: