Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

2025 թ․ արդեն իսկ աջակցություն է ստացել 861 շահառու․ տրամադրվել է շուրջ 680 մլն դրամ։ Միջոցառման մեկնարկից մինչ օրս ծրագրից օգտվել է 12 982 ընտանիք, հատկացված բյուջեն՝ շուրջ 9,3 մլրդ դրամ։

Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝

  • մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում. 
  • հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։

Ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում աջակցություն կարող են ստանալ այն անձինք՝

  • ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն.
  • ովքեր ունեն առնվազն 2 անչափահաս երեխա.
  • հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի հունվարի 1-ից հետո.
  • տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը.
  • ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։ 

Այս բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող բանկերից կամ վարկային կազմակերպություններից որևէ մեկին (ցանկը՝ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/banks):

Երկրորդ բաղադրիչի շրջանակում աջակցություն կարող են ստանալ այն անձինք՝

  • ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն և հանդիսանում են վարկառու.
  • ովքեր ունեն առնվազն 12 ամիս գործող հիփոթեքային վարկ, որի գծով ուշացումները չեն գերազանցում 30 օրը.
  • տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը.
  • ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։

Տվյալ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը։

Երկու բաղադրիչի դեպքում, եթե քաղաքացին բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցության չափերն ավելանում են 50 տոկոսով։

210