
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լիտվայի ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 15-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի և ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Պարոն Վլադիսլավ Կոնդրատովիչը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջելեն նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Լիտվայի ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր: