
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի սեպտեմբերի 27-ին հաջորդող Ազգային ժողովի լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Ես կասեմ օրը՝ դա կլինի սեպտեմբերի 27-ին հետևող լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը։ Դա նշանակում է, որ աշնանային նստաշրջանը, որը կսկսվի սեպտեմբերի 27-ին (քանի որ շաբաթ օր է), իսկ սեպտեմբերի 30-ին կկայանա լիագումար նիստը։ Կամ այդ օրը, կամ դրան հաջորդ օրը Ազգային ժողովի նախագահը հարցը կներառի խորհրդի նիստում, և օրը վերջնական կորոշվի։ Ես կարծում եմ՝ օրը շատ կարևոր է, որպեսզի հենց այդ օրը զեկույցը ներկայացվի լիագումար նիստի ընթացքում»,-ասաց նա։
Քոչարյանի խոսքով՝ ճիշտ կլինի, որ սեպտեմբերի 27-ից հետո այդ սիմվոլիկ օրը զեկույցը ներկայացվի։ «Համ էլ ընդհանրապես կրքերը շատ հանգստացած կլինեն՝ բոլոր առումներով՝ քաղաքական։ Եվ կարծում եմ, սա այն փաստաթուղթն է, որը շատ սպասված է, որի ուղղությամբ կատարվել է մեծ ծավալի աշխատանք։ Այդ աշխատանքը պետք է անհետևանք չմնա։ Կներկայացվի, մենք որևէ օրենք չենք խախտել, չենք խախտելու, և դրանից հետո կարծում եմ՝ զեկույցը կլինի գաղտնի բաժնում։ Գաղտնիության ծավալը այնքան մեծ է, որ համոզված եմ՝ նիստը կլինի փակ։ Զեկույցը հասանելի կլինի պատկան մարմիններին, պետական ինստիտուտներին, որպեսզի յուրաքանչյուրն այդ զեկույցից բխող եզրակացությունների հետ կապված հանգի որոշակի եզրահանգումների»,- նշեց պատգամավորը։