
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի ավարտն ազդարարած սուլիչի ձայնից անմիջապես հետո կասեցրել է իր թիմակից Ֆրանչեսկո Աչերբիի ու «Բավարիայի» լեգենդար ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերի բախումը:
Պատասխան հանդիպումը 2-2 հաշվով ավարտելով՝ «Ինտերն» առաջին խաղում տարած 2-1 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս է եկել եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ: Մրցավար Սլավկո Վինչիչի ավարտական սուլոցից հետո Ֆրանչեսկո Աչերբին հաջողությունը տոնել է իր թիմակիցներ Հենրիխ Մխիթարյանի, Յան Զոմերի ու Հաքան Չալհանօղլուի հետ: Այդ ընթացքում իտալացին ինչ-որ բան է ասել մոտակայքում կանգնած Թոմաս Մյուլերին և գերմանացին հունից դուրս է եկել: Մխիթարյանը անմիջապես կրքերը հանդարտեցնելու քայլեր է ձեռնարկել: Չեմպիոնների լիգայում մեծ հավանականությամբ իր վերջին խաղն անցկացրած Թոմաս Մյուլերին Հենրիխը մի կողմ է տարել՝ միաժամանակ մրցավարին ցույց տալով, որ ամեն ինչ կարգին է:
Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» մրցաշարի կիսաեզրափակչում երկխաղյա դիմակայություն կանցկացնի կատալոնական «Բարսելոնայի» հետ: