Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 19-ը Հայաստանում նշվում է որպես հարկ վճարողի օր:

Այս որոշման նախագիծը ՀՀ Ազգային ժողովը ընդունել էր դեռևս 2021 թվականին։ Նշվում էր, որ սա կնպաստի հատկապես հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդմանը։

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կարևորում է՝ հարկ վճարելը քաղաքացիական հասունության նշան է, որը շատ բնական և սովորական երևույթ պետք է դառնա հասարակության համար։

«Մենք շատ հաճախ ենք ակնկալում, շատ հաճախ ենք սպասում, ուզում, որ արդյունք ունենանք, բայց արդյունք ունենալու, ապրելու և ավելի լավ երկիր ունենալու համար ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր ներսում հասկանա իր պարտավորությունը պետության, հասարակության, երկրի զարգացման նկատմամբ, և հենց այս համատեքստում պետք է նայել այդ երևույթի կարևորությանը։ Երբ ամեն քաղաքացի կատարում է իր պարտավորությունը, և որքան այդ գիտակցություն ունեցող մարդկանց թիվը մեծ է, այդքան ընդհանրական հաջողության հասնելու հավանականությունն ավելի է մեծանում»,- նկատում է նա։

Նրա խոսքով՝ հարկերի պարտաճանաչ վճարումներն են, որ ապահովում են հավաքական առաջխաղացման գրավականը։ Նա ընդգծում է նաև թատրոնի և պետության համագործակցության կարևորությունը․

«2019 թվականից սկսած՝ առողջ համագործակցություն ենք ունեցել պետության, Կառավարության հետ․ առաջին փոփոխությամբ, որը տասնյակ տարիների խնդիր էր թատրոնի համար, դա տաքացման համակարգի 100 տոկոսանոց փոխարինումն էր ժամանակակից սարքավորումներով, 70-ական թվակաների սարքավորումները ապամոնտաժվեցին, համակարգը վերանորոգվեց և նոր տեխնոլոգիայով հագեցվածություն ունեցանք: Մենք ունեցանք նաև խնայողություններ և հնարավորություն տրվեց մեզ այդ գումարները ծախսելու թատրոնի սանհանգույցների հիմնանորոգման համար»։

Մկրտչյանը մեծ ձեռքբերում է համարում նաև թատրոնի տանիքի վերանորոգումը։

«Այն տանիքը, որտեղից միշտ ջուր էր լցվում, մեծ վնասներ էր լինում, այսօր արդեն վերանորոգված է բարձր մակարդակով, որից հետո ունեցանք ևս մի ներդրում. որոշակի ենթակառուցվածքներ հիմնանորոգվեցին։ Պետության հետ համագործակցությունը շատ ակտիվ է։ Մենք հասել ենք այն աստիճանի, որ առաջիկայում ԿԳՄՍ նախարարության կողմից նոր ներդրված ֆինանսական մոդելին կանցնենք, որը վկայություն է մեր թիմի լավ աշխատանքի։ Ֆինանսական տեսանկյունից դա մեզ բավական հնարավորություն կտա զարգացման ավելի իրատեսական ուղիով շարժվել և ավելի կանխատեսելի ապագա կառուցել։ Սա պետք է պահպանել․ մենք մեր կողմից ակտիվ աշխատելու ենք և աճ ենք ապահովելու, պետությունը դրա փոխարեն լրացուցիչ խրախուսանք է իրականացնելու»,- շեշտում է Մկրտչյանը։  

Թատրոնի տնօրենը գոհը է նաև թատրոնի ստեղծագործական ընթացքից։ Ասում է՝ տարին գերակտիվ են սկսել ու դեռ բազմաթիվ ծրագրեր ունեն։

205