Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մտահոգիչ է համարում բռնությամբ ուղեկցվող հանցագործությունների աճը, հատկապես անչափահասների մասնակցությամբ դեպքերում։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելով ՀՀ դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետվությունը, Վարդապետյանն ընդգծեց՝ ֆիզիկական բռնության դրսևորումներն հաճախ սկսվում են վերբալ ագրեսիայից։ 

«Մարմնական վնասվածքներով ուղեկցվող բռնությունները շատ հաճախ հետևանք են կոպիտ, ագրեսիվ խոսքային վարքագծի։ Բայց պետք է հաշվի առնենք, որ այդ վերբալ ագրեսիայի կանխարգելումը միայն իրավապահ մարմինների խնդիր չէ», -նշեց գլխավոր դատախազը։

Վարդապետյանը մասնավորապես անդրադարձավ անչափահասների մասնակցությամբ դեպքերին՝ նշելով, որ հաճախ սովորական կենցաղային վիճաբանությունները վերածվում են ծայրահեղ դաժանության դրսևորումների։

«Ունենք բազմաթիվ դեպքեր, երբ անչափահասները սովորական վեճի ժամանակ դիմում են դանակի՝ միմյանց ծանր վնասվածքներ պատճառելով։ Այնուհետև գործընթացին միանում են ծնողները՝ միմյանց հետ հաշվեհարդար տեսնելու համար», -շեշտեց նա։

Նրա խոսքով՝ իրավիճակի վերահսկման և կանխարգելման նպատակով գլխավոր դատախազությունը համագործակցում է ինչպես համայնքային, այնպես էլ քրեական ոստիկանության հետ՝ փորձելով կանխել նման դեպքերը նախքան դրանք վերաճեն հանցագործությունների։

168