Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 25-ին Մարզահամերգային համալիրում տրվեց միջազգային ամենամասշտաբային F&B միջոցառման՝ PROFOOD ARMENIA 2025-ի մեկնարկը, որը կտեւի 3 օր։ Այն միավորում է հյուրընկալության ոլորտի առաջատար մասնագետներին, գործարարներին, ոլորտով հետաքրքրվող անձանց, խոսնակների ամբողջ աշխարհից՝ ընձեռելով համագործակցության, գիտելիքների, փորձի փոխանակման և բիզնեսի զարգացման լայն և բացառիկ հնարավորություններ։

«Պռոռեկա» ընկերության հիմնադիր տնօրեն, «Profood Armenia»-ի գաղափարի հեղինակ ու կազմակերպիչ Սյուզաննա Միքայելյանը բացման արարողության ժամանակ նշեց

«Profood ցուցահանդեսի գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ հասկացանք, որ ունենք շատ կայուն եւ աճող շուկա, շատ կարեւոր է, որ ունենանք միջազգային մասնագետների ներգրավվածություն և փորձի փոխանակում։ Կարեւոր է նաեւ, որ կարողանանք ներկայացնել հայկական արտադրանքն ու ծառայությունները ճիշտ ձեւով։ Մենք ստեղծել ենք հարթակ՝ «Profood Armenia»-ն, որտեղ մի քանի տարբեր միջոցառումներ կան։ Չորս տարբեր հատվածներում կլինեն ցուցահանդեսներ, խոհարար-շեֆերի մրցույթ, որտեղ հայ երիտասարդ խոհարարները կկարողանան ստեղծել նոր կապեր եւ հնարավորություններ, ինչպես նաեւ նոր եւ հետաքրքիր հարթակ՝ քննարկումների, սեմինարների եւ կլոր-սեղանների ձեւաչափով։ Մարդիկ կարող են գալ, լսել ու տեղեկանալ, թե ինչպես կարելի է ստեղծել ռեստորան եւ հյուրանոց, ի՞նչ միջոցներ օգտագործել, որ հյուրընկալության ոլորտն ավելի զարգանա»։

Ցուցահանդեսին ներկայացված են 80-ից ավել տաղավար՝ տարբեր արտադրություններով եւ ծառայություններով։ Աշխարհի ամենատարբեր անկյունններից մոտ 120 հյուր, որոնք շրջում եւ ծանոթանում են տեղի արտադրողների հետ։

Ժամանած հատուկ հյուրեր` Յաքուբ Ալ Ալիի, Սումայա Օբայդի, Ջո Բլեքս Մանգենայի,Ժամիլ Ալհաշիմի, Մակտում Ալ Մարզուքիի և այլոց հետ կազմակերպիչները շրջեցին տաղավարներով։

«Հայաստանում տարբեր տեսակի էքսպոներ կան, բայց սա առանձնացավ, քանի որ նոր շուկայի ու հնարավորությունների բացահայտում էր այս ոլորտում։ Խոհարարների մրցույթը, քննարկում-հանդիպումները այս ցուցահանդեսը նոր փորձառության բերեցին, որը շատ կարևոր է։ Հետաքրքիր է, որ մարդկանց հետաքրքրել է, բացումից րոպեներ առաջ մարդիկ այստեղ էին, բացի դա ոլորտի մարդիկ են եկել, որոնք միասին քննարկում են, շփվում ու նոր համագործակցություններ ունենում։ Ցուցահանդեսը հենց միտված է գործնական կապերի ձեւավորմանը»,- նշեց «Պրոմ էքսպո» ընկերության հիմնադիր Արման Զաքարյանը։

Բացման արարողությանը ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքը ներկաներին փոխանցեց փոխնախարար Անուշիկ Ավետյանը։

«Այս եռօրյա միջոցառումը կմիավորի հյուրընկալության ոլորտի առաջատար մասնագետներին, գործարարներին, ինչպես նաեւ ոլորտով հետաքրքված անձանց աշխարհից։ Սա կարեւոր հարթակ կարող է դառնալ ինչպես կայացած գործարարների, այնպես էլ սկսնակ ձեռներեցների եւ ոլորտով հետաքրքվածների համար։ Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ոլորտի զարգացումներին եւ ձեռք բերել մասնագիտական նոր գիտելիքներ ու փորձ իրենց բիզնեսի զարգացման համար։ Նման միջոցառումների անցկացումը էական նշականություն կարող է ունենալ նաև զբոսաշրջության ոլորտի զարգացման համար»,-ասվում էր նախարարի խոսքում։

PROFOOD ARMENIA 2025 միջոցառումը նպատակ ունի դառնալու հարթակ կայացած գործարարների, հոռեկա ոլորտում բիզնես ունեցողների, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված անձանց, սկսնակ ձեռներեցների համար՝ տալով հնարավորություն բոլորին փոխանակվել նոր մտքերով, առկա փորձով, ծանոթանալու ոլորտի թրենդներին և նորամուծություններին, ինչպես նաև հմուտ մասնագետների կողմից ստանալ նոր գիտելիքներ, փորձառություն բիզնեսի հետագա զարգացման աճի համար։

179