
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն բնակարանային գողության վերաբերյալ ահազանգ էր ստացվել: ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մարզի Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնում էր, որ կոտրել են պատուհանն ու տարել ոսկեղեն:
«Գեղարքունիքի քրեական ոստիկանները մեկնեցին դեպքի վայր: Ըստ տանտիրոջ` տնից դուրս էին եկել երեկոյան ժամը ութին, վերադարձել մեկուկես ժամից, ու քիչ անց նկատել նախ կոտրած ապակին, ապա` նաև մոտ երեք միլիոն դրամի ոսկեղենի բացակայությունը:
Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ բնակարանային գողության հատկանիշներով։
Նման դեպքերում իրավապահների գործողությունների արագությունն էական նշանակություն է ունենում նաև գողոնի հայտնաբերման հարցում` կանխելով դրա իրացումը:
Գեղարքունիքի քրեական ոստիկանների վարկածը, որ այդ կարճ ժամանակում տուն մտնելն ու գողոնով հեռանալը պատահական չէր: Նույնքան արագ պարզաբանումներից ու ճշգտումներից հետո, ահազանգից ընդամենը երկու ժամ անց, պարզվեց բնակարանային գողությունը կատարած անձի ինքնությունը՝ տուժողի 34-ամյա համագյուղացին էր։ Վերջինս հայտնաբերվեց Մարտունի քաղաքում ու ձերբակալվեց։
Հետագա միջոցառումներով իրավապահներին հաջողվեց հայտնաբերել նաև գողացված ոսկեղենը՝ ողջ ծավալով։
34-ամյա աստղաձորցուն մեղադրանք է ներկայացվել։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։