
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցիներն իրենց շտաբ-վրանը կտեղափոխեն Երևանում գործող Արցախի ներկայացուցչություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։
Նա տեղեկացրել է, որ իրենք ունեն ֆինանսական լուրջ խնդիրներ, և օրեր առաջ ԼՂՀ նախկին նախագահ Սամվել Շահրամանյանն առաջարկել է վրանը տեղափոխել Արցախի ներկայացուցչություն, որտեղ այդ նպատակով կհատկացվի համապատասխան տեղ։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները երեկ հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ներկայացուցչի հետ։ Նա ասել է, որ վաղը կառավարության նիստի ժամանակ երկարաձգելու են արցախցիների աջակցության 40+10 ծրագիրը։
«Մենք թղթի վրա ներկայացրել ենք բոլոր կետերը, որոնք, ըստ մեզ, բարելավման կարիք ունեն։ Առաջին հերթին դա վերաբերում է բնակարանային ծրագրին։ Մենք ընդառաջ ենք գնացել կառավարությանը, որն ընդունել է, որ մեզ ուղղված ծրագրերը բարելավվելու կարիք ունեն»,- ասել է Իսկանդարյանը։