
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումների եզրափակիչ գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի 180-ամյակին։ Հնչել է Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմը»։
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հանդիսատեսին, նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերը Հայաստանում դարձել են բարի ավանդույթ և սպասված իրադարձություն, որը հարստացնում է մեր երկրի կրթամշակութային կյանքը նոր գույներով ու գաղափարներով։
Նրա խոսքով՝ այս տարի ևս ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Հայաստանի կրթամշակութային հաստատություններում կազմակերպվել են բազմաբովանդակ միջոցառումներ և ծրագրեր, որոնք միտված էին նպաստելու ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի ու արժեքների տարածմանը:
«Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը համախմբում է միլիոնավոր ֆրանսախոսների՝ տոնելու համերաշխության ու միասին ապրելու գաղափարը, կոտրելով կարծրատիպերը, հարստացնելով հասարակություններին բազմակարծությամբ, ավանդույթներով և առաջադեմ գաղափարներով: Ֆրանկոֆոնիան վճռորոշ դեր ունի խաղաղության խթանման և հակամարտությունների նվազեցման գործում՝ ընդգծելով մշակութային բազմազանության փոխադարձ հարգանքն ու գնահատումը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Նա նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է, և 2027 թվականին Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը՝ ավելի քան 50 պատվիրակությունների շուրջ 4000 մասնակիցների:
Եզրափակելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ֆրանկոֆոն գործընկերներին արդյունավետ և շարունակական համագործակցության համար․ «Վստահ եմ, որ հետագայում նույնպես ֆրանկոֆոնիայի շրջանակում փոխհամագործակցությունը հագեցած կլինի նոր նախաձեռնություններով, տարեցտարի կամրապնդվի ու կզարգանա»:
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ևս շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ ընդգծելով, որ ֆրանկոֆոնիան Հայաստանում սոսկ մայրաքաղաքային իրադարձություն չէ, այլ ընդգրկում է նաև մարզերն ու համայնքները:
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր նպաստում են ֆրանկոֆոնիայի զարգացմանը Հայաստանում»,- ասել է դեսպանը՝ ֆրանկոֆոն միջոցառումներում ընդգծելով հատկապես աշակերտների ներգրավումը։
Համերգն անցկացվել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Institut français d’Arménie կազմակերպության հետ համագործակցությամբ: Համերգը ղեկավարել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը (Գերմանիա)։
Կատարումներով հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), մենակատարներ՝ Էմանուել Շիմենտո (սոպրանո, Ֆրանսիա), Աշոտ Ղանթարջյան (բարիտոն, Հայաստան)։
Նշենք, որ ֆրանկոֆոնիայի երկամսյակը մեկնարկել էր մարտի 14-ին Արտաշատում՝ «Մանուշյանական շաբաթ» ծրագրով՝ Միսաք Մանուշյանին նվիրված հայ-ֆրանսիական թատերական ներկայացմամբ։