
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում անցկացվող կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողության երաժշտության հեղինակը կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանն է։
Կարատեի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 7-11-ը։
Առաջնությանը մասնակցում են մոտ 1000 մարզիկներ՝ 54 երկրից։
«Ինձ համար կարևոր էր, որ երաժշտությունը արտացոլի այդ մարզաձևի հոգեբանական լարվածությունն ու հանդիսավորությունը։ Այս նախագիծը ևս թույլ է տալիս ստեղծել յուրօրինակ երաժշտական մոտեցում, որը կարտացոլի տվյալ նախագծի էությունը, կունենա անմիջական կապ բեմադրության բոլոր տարրերի հետ»,- ասել է Անդրանիկ Բերբերյանը։
Կոմպոզիտորն առաջին անգամ չէ երաժշտություն է գրում մասշտաբային նախագծերի համար․ 2021 թվականին նա գրել է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման համար հատուկ գրված երգը, 2022 թվականին՝ Դուբայի էքսպոյի Հայաստանի մասնակցության վիզուալացված նյութի երաժշտությունը, 2023-ին՝ Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության երաժշտությունը։ 2024-ին Բերբերյանը հեղինակել է ՎԶԵԲ-ի 33-րդ Տարեկան հանդիպման ու Գործարար համաժողովի գալա համերգի երաժշտությունը, «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության բացման արարողության երաժշտությունը և գրել է ստեղծագործություն, որը մրցանակաբաշխության երաժշտական գլխավոր թեման է և ֆանֆարը։
Բերբերյանը վերջերս պարգևատրվել է «Տարվա կոմպոզիտոր» մրցանակով՝ «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։