
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 9-ին «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 40 շահառու երեխաները Տավուշի մարզից հյուրընկալվեցին Մհեր Աբեղյանի թանգարանում՝ Հայաստանի ազգային պատկերասրահի Վաղարշապատի մասնաճյուղում։ Այցի շրջանակում նրանք մասնակցեցին կրթական ու ստեղծագործական ծրագրի՝ «Բացահայտելով գեղանկարչության ժանրերը» խորագրով։ Այս մասին հայտնում է Իմ քայլը հիմնադրամը:
Ծրագիրը բաղկացած էր երկու փուլից։
Առաջին՝ տեղեկատվական մասում երեխաները ծանոթացան կերպարվեստի տեսակներին ու ժանրերին՝ դիմանկար, բնանկար, նատյուրմորտ, կենցաղային ու անիմալիստական ժանրեր։ Թանգարանի մասնագետի ուղեկցությամբ նրանք շրջեցին սրահներում, դիտեցին հայ նկարիչների աշխատանքները, ստացան բովանդակալից բացատրություններ և ամրապնդեցին տեսական գիտելիքները։ Երկրորդ ստեղծագործական փուլը շատ սիրվեց փոքրիկների կողմից:
Նրանք ստացան նկարչական պարագաներ և հնարավորություն ունեցան իրենց նախընտրած ժանրում ստեղծել սեփական աշխատանքները՝ կիրառելով նոր սովորածը: Այսպիսով այսօրվա այցը թանգարան ոչ միայն գիտելիքի և գեղագիտական ընկալման խորացման հնարավորություն էր, այլև ստեղծագործական ազատության ու ինքնաարտահայտման հարթակ։
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագիրը նպատակ ունի Հայաստանի տարբեր մարզերի արվեստասեր երեխաներին, ովքեր հասանելիության բացակայության պատճառով զրկված են մշակութային ակտիվ կյանք ունենալու հնարավորությունից, ծանոթացնել ազգային մշակույթի բազմաշերտությանը՝ ճանաչողական այցերի, ինտերակտիվ խաղերի և կենդանի շփման միջոցով։
Սա արդեն մեր ծրագրի մշակութային ճամփորդների 6-րդ հագեցած և վառ տպավորություններով լի կանգառն էր:
Առջևում դեռ 4 այցեր են սպասվում դեպի տարբեր մշակութային կենտրոններ: