
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթերի ժամանակ զանգահարել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին՝ Սեյրան Օհանյանին և Հայկ Մամիջանյանին, ու առաջարկել հանդիպել:
Օհանյանը նրան պատասխանել է, որ հարցը կքննարկի խմբակցությունում և կտեղեկացնի։ Իսկ Հայկ Մամիջանյանը հեռախոսազանգին չի պատասխանել․ Մարուքյանը վերջինիս ձայնային հաղորդագրությամբ է փոխանցել առաջարկը։
«Մեկ տարի է՝ Հայաստանում քննարկվում է, որ պետք է իմպիչմենտի գործընթաց սկսվի։ Փողոցներում հազարավոր մարդիկ կային, ես ասում էի՝ գնացեք խորհրդարանում անվստահության գործընթաց սկսեք։ Ընդդիմադիր խմբակցությունների ձայները չէին հերիքում։ Հիմա իրավիճակ է փոխվել․ ՔՊ-ից դուրս եկած երկու պատգամավորներ կան, որոնք իմպիչմենտի նախաձեռնություն են սկսել»,- ուղիղ եթերի ժամանակ ասել է նա։
Մարուքյանը որևէ խոչընդոտ չի տեսել, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերի պատգամավորներն իրենց ստորագրությունը դնեն Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագծում, որը հասցեագրվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած Մարուքյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին ժողովուրդը կաջակցի։ Ըստ նրա՝ պահը հասունացել է։