
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քաղաքացիների առաջարկները հաշվի առնելով՝ Քաղաքաշինության կոմիտեն նախատեսել է տնամերձ հողամասերում կառուցապատում իրականացնելու դեպքում՝ փոփոխություն կատարել ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերում։
Ինչպես հայտնում են կոմիտեից, մասնավորապես՝ հանվել է տնամերձ հողամասերում բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցելու համար սահմանված 20%+20% հարաբերակցությունը պահելու պահանջը։ Քաղաքացիները կարող են ընտրել՝ ինչպես տնօրինել կառուցապատման համար նախատեսված ընդհանուր 40% առավելագույն ցուցանիշը՝ կառուցելով միայն բնակելի տո՞ւն, թե՞ նաև օժանդակ շինություններ (օրինակ՝ ավտոտնակ, անասնագոմ և այլն)՝ իրենց համար նախընտրելի համամասնությամբ։
Անփոփոխ է մնացել նվազագույնը 400 քառակուսի մետր հողամաս ունենալու պարագայում կառուցապատում իրականացնելու պահանջը։
Նորմերը վերանայելիս հաշվի է առնվել ժամանակի պահանջներից ելնելով մարդու կենցաղավարման ձևի փոփոխությունը։
Նորմերում ճկուն մոտեցման ամրագրումը կնպաստի տարածքների արդյունավետ օգտագործմանը, քաղաքաշինական ներդրումային ծրագրերի իրականացմանը, անհատական բնակելի ֆոնդի թարմացմանը։ Միաժամանակ կպահպանվեն քաղաքաշինական նորմերով սահմանված անհրաժեշտ հեռավորությունները։