Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի բնակիչները այժմ կարող են աղբահանության համար նախատեսված վճարումները կատարել առցանց տարբերակով, ինչպես նաև «Հայփոստ»-ի բոլոր մասնաճյուղերում։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ վճարումների համար հասանելի են մի քանի տարբերակներ․ դրանք կարելի է կատարել Երևանի քաղաքապետարանի կայքի համապատասխան բաժնում, pay.e-community.am հարթակում, «Հայփոստ»-ի մասնաճյուղերում, ինչպես նաև EasyPay վճարային համակարգի միջոցով։ Բացի այդ, առաջիններից լինելով՝ «Հայէկոնոմբանկ»-ը միացել է համակարգին, և այդ բանկի հավելվածով ևս հնարավոր է կատարել վճարումները։ Հովհաննիսյանը նշեց, որ այս ցանկը շարունակում է ընդլայնվել․ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում մի շարք այլ առևտրային բանկեր նույնպես կմիանան համակարգին, իսկ շուտով սպասվում է նաև «Թելսել»-ի միացումը։

«Կարծում եմ՝ մոտ մեկ ամսվա ընթացքում արդեն հասանելի կլինեն բոլոր այն վճարման եղանակները, որոնք նախկինում էլ են գործել, և քաղաքացիներն այլևս խնդիրներ չեն ունենա վճարումների հարցում»,- նշեց Հովհաննիսյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին հստակեցրեց, որ աղբահանության վճարների կարգի փոփոխությունից հետո քաղաքացիները որոշ ժամանակ չեն ունեցել առցանց վճարման հնարավորություն, ինչի հետևանքով հնարավոր է եղել դժվարությունների առաջ կանգնել։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ քաղաքապետարանը նախատեսում է 2025 թվականի հունվարից մինչև հուլիսի 31-ը չկատարված վճարումների համար նախատեսված տույժերը չեղարկել։ Տույժերի հաշվարկը կսկսվի այն պահից, երբ վճարային համակարգերը լիարժեքորեն հասանելի կլինեն։ Ըստ Ավինյանի՝ այս առաջարկը ամրագրված է ավագանու նիստում ներկայացված համապատասխան նախագծում, որը նախատեսվում է ընդունել նույն օրը։

250