Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2026-ի ԱԺ ընտրությունները սարերի հետևում չեն, և ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող պրոցեսները, մասնավորապես նախկին նախագահների՝ հաճախադեպ դարձած հանրային ելույթները նախընտրական տրամաբանության մեջ են՝ civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի՝ օրերս տված հարցազրույցին, կոռուպցիայի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թեմայով բարձրացված աղմուկին, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը։

Արձագանքելով Քոչարյանի՝ իր հարցազրույցում հնչեցրած ինքնագովեստին, թե ինքը եղել է ճգնաժամային կառավարիչ և այժմ էլ պատրաստ է այդ կարգավիճակում հանդես գալ, պատգամավորը նկատեց՝ «նա ճգնաժամերը չկառավարելու վարպետ է»։ Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի այն դիտարկմանը, թե Հայաստանը Փաշինյանի օրոք վերածվել է աշխարհաքաղաքական որբի, չունի գործընկերներ ու իր հարցերը լուծելու համար խնդրում է այս կամ այն կենտրոնին, պատգամավորը նկատեց՝ ընդամենը վերջերս այդ նույն գործիչը, որը հավակնում է ճգնաժամային կառավարիչ դառնալ, իրեն բնորոշ ցինիզմով հայտարարում էր, թե հայկական կողմն է հրահրել 44-օրյա պատերազմը։

Խոսելով իմպիչմենտի գործընթացի և Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին՝ տիկին Ազարյանը ափսոսանք հայտնեց, որ իրենց նախկին գործընկերը՝ Էդմոն Մարուքյանը, համաձայնեց մտնել նման՝ կանխատեսելի ելքով գործընթացի մեջ։ «Մենք մի քանի տարի անց վերջապես հասկացանք, փաստորեն, թե ինչի մասին էր աղաղակում պարոն Մարուքյանը՝ ասելով, որ կա «երրորդ ճանապարհ»։ Ես ողջունում եմ պարոն Մարուքյանի լավատեսությունը, մյուս կողմից էլ ցավում եմ իր քաղաքական կարճատեսության համար, որ հավակնել է մտնել մի պրոցեսի մեջ, որը շատ մշուշոտ է»։

239