Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

1952 թվականին Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՅԴ-ի տեղի ունեցավ բախում, որը շրջադարձային դարձավ ոչ միայն եկեղեցական, այլև քաղաքական առումով։ Այդ տարում Վազգեն Պալճյանը, ում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նշանակել էր Ամերիկայի և Կանադայի արևելյան թեմի առաջնորդ, փորձեց ստանձնել իր պարտականությունները ԱՄՆ-ում։ Սակայն ՀՅԴ-ի վերահսկողության տակ գտնվող համայնքներում նրա դեմ սկսվեց բուռն հակազդեցություն։ Վազգեն Պալճյանը սփյուռքահայ մտավորական էր, կրթություն ստացել էր եվրոպական երկրներում, ուներ լայն տեսլական և նշանակվել էր՝ որպես այն հոգևոր առաջնորդներից մեկը, ով պետք է վերականգներ Մայր Աթոռի հեղինակությունն արևմտյան աշխարհում։

Սակայն նրա այցը ԱՄՆ ուղեկցվեց բացահայտ դիմադրությամբ։ ՀՅԴ-ն, որն այդ ժամանակ ԱՄՆ-ում ուներ կայուն, կազմակերպված ներկայություն և խոր ներգրավվածություն համայնքային կառույցներում, Վազգեն Պալճյանին համարում էր սովետական իշխանությունների կողմից վերահսկվող հոգևորական։ Դաշնակցական մամուլը սկսեց համակարգված վարկաբեկման արշավ։ Նրա մասնակցությամբ ծխական ժողովները խափանվում էին, բազմաթիվ եկեղեցիներ հրաժարվում էին նրան ընդունել։ Ըստ տարբեր վկայությունների՝ Վազգեն Պալճյանի նկատմամբ եղել են սպառնալիքներ, հանրային խայտառակման փորձեր, անգամ գրանցվել է ավտոմեքենայի վրա հարձակման դեպք։ Որոշ համայնքներում ոստիկանությունը ստիպված էր միջամտել նրա անվտանգության ապահովման նպատակով։

Արդյունքում Վազգեն Պալճյանը ստիպված եղավ լքել ԱՄՆ-ը և տեղափոխվել Կանադա, ապա՝ Վենեսուելա։ Նա երբեք լիարժեք չկարողացավ իրականացնել իր առաքելությունը արևելյան թեմում։ Սակայն տարիներ անց վերադարձավ ԽՍՀՄ և 1955-ին ընտրվեց Ամենայն հայոց կաթողիկոս՝ Վազգեն Ա անունով։ Այս միջադեպը խոր ազդեցություն ունեցավ սփյուռքի հոգևոր և ազգային կյանքում։ Այն խորացրեց արդեն գոյություն ունեցող պառակտումը Մայր Աթոռի և Անթիլիասի միջև, որի հետևանքով բազմաթիվ թեմեր մնացին Անթիլիասի ազդեցության ներքո՝ դաշնակցության գաղափարական հովանու ներքո։

Դաշնակցությունը կարողացավ այդ բախման արդյունքում ամրապնդել իր ազդեցությունը սփյուռքի թեմերում՝ հատկապես ԱՄՆ-ում, Կանադայում, Հարավային Ամերիկայում ու Միջին Արևելքում։ Մայր Աթոռի նկատմամբ անվստահությունը սփյուռքում խորացավ, իսկ եկեղեցու հոգևոր իշխանությունը վերածվեց նաև քաղաքական լեգիտիմության հարցի։ 1952 թվականի դեպքը դարձավ մի նախադեպ, որը սահմանեց, որ սփյուռքում հոգևոր կառույցների վրա ազդեցության համար պայքարը չէր լինելու միայն եկեղեցական, այլև և հատկապես քաղաքական բովանդակությամբ։

Վազգեն Ա կաթողիկոսի և դաշնակցության միջև ձեւավորված հակասությունները շարունակվեցին հատկապես երկու առանցքային տարածքներում՝ Լիբանանում և Երուսաղեմում, որտեղ ՀՅԴ-ն ուներ սերտ ներգրավվածություն համայնքային կյանքում։ Լիբանանը, լինելով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նստավայրը, միաժամանակ նաև դաշնակցության ազդեցության ամենախիտ կենտրոններից մեկն էր։ Վազգեն Ա-ն՝ արդեն որպես Ամենայն հայոց կաթողիկոս, երկար տարիներ չէր կարողանում մուտք գործել Լիբանան։ ՀՅԴ-ի և Անթիլիասի դիրքորոշումն այն էր, որ Վազգեն Ա-ն չի կարող համարվել բացառիկ և գերակա հոգևոր առաջնորդ, քանի դեռ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն առանձին իրավունքներով գործում է սփյուռքում։ ՀՅԴ-ն կազմակերպում էր ցուցադրական բողոքի ակցիաներ, հրապարակային դիմադրություն և բացահայտ մերժում, իսկ նրա լրատվամիջոցներն ընդգծված կերպով Վազգեն Ա-ին ներկայացնում էին որպես խորհրդային իշխանություններին սպասարկող գործիչ։ Լիբանանի իշխանությունների և որոշ միջազգային միջնորդների ճնշմամբ միայն 1970-ականների վերջին կաթողիկոսին թույլատրվեց այցելել Լիբանան՝ շատ սահմանափակ ձևաչափով։ Անթիլիաս այցելություն տեղի չունեցավ։ Սա ցուցիչ էր, որ Վազգեն Ա-ի համահայկական հոգևոր առաքելությունն այդ տարիներին մնում էր կիսակատար, քանի որ դաշնակցական վերահսկողության ներքո գտնվող կենտրոնները նրա լիազորությունները չէին ճանաչում։

Նմանատիպ իրավիճակ էր ձևավորվել նաև Երուսաղեմում, որտեղ Հայոց պատրիարքարանը, թեև կանոնակարգով ենթակա էր Ամենայն հայոց կաթողիկոսին, գործնականում փաստացի ինքնավարությամբ էր գործում։ Երուսաղեմի պատրիարքության ներքին վերնախավը՝ Եղիշե Դուրյանի առաջնորդությամբ, սերտ կապեր ուներ դաշնակցության հետ և չէր խրախուսում ակտիվ շփում Մայր Աթոռի հետ։ Վազգեն Ա-ի Երուսաղեմ այցելության ժամանակներից մեկի ընթացքում նույնիսկ եղան դեպքեր, երբ պատրիարքարանը չմասնակցեց պաշտոնական արարողություններին, իսկ որոշ ծիսակարգեր բոյկոտվեցին։ Մայր Աթոռից ուղարկված պատվիրակությունները պատրիարքության ներսում դիմավորեցին սառը վերաբերմունքով։ Այս ամենը ոչ միայն ընդգծում էր ՀՅԴ-ի ազդեցությունը սփյուռքի հոգևոր կենտրոններում, այլ նաև վկայում էր, թե որքան խորն էր քաղաքականությունն արմատավորված եկեղեցական կառուցվածքում։ Վազգեն Ա-ն, լինելով համախմբող և ապաքաղաքական գործիչ, իր ամբողջ կաթողիկոսության ընթացքում փորձեց վերականգնել համահայկական հոգևոր միասնությունը, սակայն այդ ջանքերը մնացին չլուծված՝ հենց դաշնակցության համակարգված դիմադրության պատճառով։

618