1920 թվականի օգոստոսի 10-ի Սեւրի հաշտության պայմանագիրը, որը ստորագրեց Հայաստանը՝ որպես Առաջին աշխարհամարտում հաղթած պետություն, իրոք Հայաստանի Անկախ Հանրապետության գոյության կարճ ժամանակահատվածի խոշորագույն դիվանագիտական հաղթանակն է հանդիսացել: Այս պայմանագրով Հայաստանին էին անցնում Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգների հիմնական տարածքները՝ 90.000 քառ.կմ՝ ելքով դեպի Սև ծով, և ընդհանուր հաշվարկով հայկական միացյալ պետության տարածքը կազմելու էր արդեն մոտ 160.000 քառ.կմ։

 

Ըստ Սեւրի պայմանագրի, հայ-թուրքական սահմանը որոշելու էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը, որն էլ 1920-ի նոյեմբերի 22-ի Իրավարար վճռով հաստատեց Ազատ Անկախ Միացյալ Հայաստանի վերջնական սահմանները։ Այդ ամենով նախադրյալներ էին ստեղծվում Հայաստանի համար՝ կենսունակ ազգային պետություն կառուցելու և տարածաշրջանի կարևորագույն երկրներից մեկը դառնալու համար: Սակայն այս մեծ հեռանկարն ի չիք դարձրին բոլշևիկյան Ռուսաստանի և նրա կողմից հովանավորվող, սնուցվող, հրահրվող Թուրքիայի քեմալական շարժման զավթողական հանցավոր նկրտումները, որի հետևանքով հայկական անկախ պետությունը ոչնչացվեց և մասնատվեց:
70 տարվա մեր պատմությունը խեղաթյուրելուց հետո հաջորդեց այդ ամենի վերաբերյալ 30 տարվա քար լռությունը: Կկարողանա՞նք վերջապես դուրս գալ մեզ պատած այս ստրկամտության թմբիրից և մեկ դար անց կրկին սկսենք կառուցել մեր ազգային պետությունը՝ սա է այսօր մեր առջև ծառացած հարցերի հարցը:

 

                                                                                                                                      Անդրարաձը` Ռուբեն Շուխյանի 

1087