Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը  որոշել է վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։

Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը սույն թվականի հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշեց «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին»,-գրել է Մամիջանյանը:

Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու առաջարկով ԱԺ պատգամավորներին նամակներ էին գրել «Արթուն ենք» շարժման անդամներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը գործընթաց սկսելու պատրաստակամություն էր հայտնել՝ շեշտելով, որ վարչապետի թեկնածու իրենք չեն առաջադրի և պատրաստ են քննարկումներ սկսել թեկնածուի շուրջ։ Ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Հայաստան»-ը, կասկածի տակ էր դրել այս գործընթացը՝ շեշտելով, որ կասկածում են՝ արդյոք դրա նպատակը իշխանությանը հեռացնելն է, թե՞ «Հայաստան» դաշինքին թիրախավորելը։ 

Իմպիչմենտի  մեկ այլ նախաձեռնության մասին հայտարարեցին ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը՝ վարչապետի թեկնածու առաջադրելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Այս նախաձեռնությանը, սակայն, ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ չմիացան։

540