
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի նորացման աշխատանքների համատեքստում արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Նիստի նպատակն էր քննարկել շահագրգիռ գերատեսչությունների կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի նորացմանն ուղղված առաջարկներն ու ևս մեկ անգամ ներկայացնել միջոցառումների սահմանման հստակ չափանիշներն ու ուղենիշները։
Աննա Կարապետյանն իր խոսքում ներկայացրել է աշխատանքային խմբի կողմից կատարված աշխատանքների մանրամասները, անդրադարձել նոր ճանապարհային քարտեզի մշակման գործընթացին, ձևաչափին ու կոնկրետ օրինակներով քննարկել ներկայացված առաջարկությունները:
Ներկայացմանը հաջորդել է հարցուպատասխանի փուլը, քննարկվել են ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներում առաջացած խոչընդոտներն ու մարտահրավերները:
Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խմբի աշխատանքները շարունակել ըստ ոլորտների խմբային քննարկումների ձևաչափով: