
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Tert.am-ի զրուցակիցն է Հայէկոնոմբանկ ԲԲԸ խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը:
-Ինչպե՞ս կնկարագրեք փորձառությունը, որը ձևավորվել է Ձեր կարիերայի ընթացքում:
-Բիզնեսում ակտիվ ներգրավվածությունս սկսվել է 90-ականների սկզբից, իսկ որպես նոր փորձառություն, 1997 թվականից, երբ Սուքիասյան ընտանիքը որոշեց մասնակցություն ձեռք բերել Հայէկոնոմբանկի կապիտալում, հիմնական զբաղվածությունս ապահովեցի բանկային ոլորտում. սկզբում՝ որպես Հայէկոնոբանկի տնօրենների խորհրդի անդամ, ապա՝ տնօրենների խորհրդի նախագահ։ Ինչպես գիտեք, մինչ օրս Բանկի Խորհրդի նախագահն եմ, այսինքն՝ արդեն 28 տարի է, ինչ բանկային համակարգում եմ: Ի դեպ, հունիսի 13-ին կայանալու է Հայէկոնոմբանկի բաժնետերերի տարեկան ժողովը և հաստատվելու է Խորհրդի նոր կազմը, որը և որոշելու է իմ՝ որպես Խորհրդի նախագահ հետագա պաշտոնավարման հարցը:
Այս տարիների ընթացքում Բանկն առերեսվել է տարբեր մարտահրավերների, երբեմն արագ ու վճռորոշ քայլեր անելու անհրաժեշտություն է եղել։ Երկար տարիների փորձառությունն ինձ թույլ է տվել վերլուծել, գնահատել իրավիճակը, կանխատեսել կայացվող որոշումների հնարավոր հետևանքները և, ըստ այդմ, գտնել առավել արդյունավետ և հիմնավորված լուծումներ, ընդ որում, կարևոր հանգամանք է որոշումներիդ արդարացի լինելը:
Շատ եմ կարևորում կրթությունը, նոր գիտելիքների ձեռքբերումը, բայց տարիների ընթացքում համոզվել եմ, որ դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են հաջողելու համար, մինչդեռ ռիսկերի ճիշտ գնահատումն ու արագ որոշումներ կայացնելու ունակությունն առանցքային նշանակություն ունեն, իսկ դա հնարավոր է դառնում միայն համապատասխան փորձառության առկայության պարագայում:
-Ինչո՞վ եք առաջնորդվում ղեկավար պաշտոնների թեկնածուներ դիտարկելիս։ Ունենալով երկար տարիների փորձ՝ երևի ունեք նաև ընտրության Ձեր բանաձևը։
-Նախ նշեմ, որ շատ եմ կարևորում սերնդափոխությունը. պետք չէ վախենալ կամ խուսափել երիտասարդներին ավելի պատասխանատու աշխատանք վստահելուց, բայց, ինչպես արդեն նշեցի, միշտ չէ, որ տեսական գիտելիքներն ու հնչեղ անուններով համալսարանների դիպլոմների առկայությունը լավ ղեկավար լինելու գրավական են։ Երիտասարդներին ժամանակ է անհրաժեշտ, որ փորձառություն ձեռք բերեն, սխալվեն ու տեսնեն ուրիշների սխալները, սովորեն այդ սխալներից։
Ինչ վերաբերում է ղեկավար լինելուն, ապա բոլորովին պարտադիր չէ, որ լավ աշխատակիցը հետագայում նաև լավ ղեկավար լինի։ Գուցե խոսքերս ոմանց համար ականջահաճո չլինեն, բայց փաստ է, որ ամեն ոք չէ, որ ղեկավարման ջիղ ունի և ի վիճակի է որոշումներ կայացնելու։ Ոչ բոլորն են ցանկանում և ոչ բոլորն են պատրաստ պատասխանատվություն ստանձնելու իրենց ընդունած որոշումների համար:
Ղեկավարն ութժամյա աշխատանքով չի կարող հաջողության հասնել. ինքս օրական 14-16 ժամ աշխատում եմ։ Եթե իսկապես ապրում ես աշխատանքովդ, չես կարող գործդ կիսատ թողնել ու տուն գնալ միայն այն պատճառով, որ աշխատանքային 8 ժամդ լրացել է։ Ղեկավար և ընդհանրապես աշխատակից ընտրելու իմ բանաձևի ամենակարևոր բաղադրիչը, նախ և առաջ, աշխատանքի նկատմամբ սրտացավ վերաբերմունքն է։
-Լինելով մասնավոր սեկտորի ներկայացուցիչ՝ Դուք նշեցիք ղեկավար ընտրելու Ձեր չափանիշները։ Ըստ Ձեզ, ի՞նչ հատկանիշներով պիտի օժտված լինի պետական համակարգում աշխատողը։
-Նվիրվածությունն աշխատանքին և սրտացավությունը կարևոր են ցանկացած ոլորտում՝ լինի այն մասնավոր, թե պետական։ Ցավոք, այսօր մեր ոչ բոլոր պետական այրերն են առաջնորդվում պետական շահի, իսկ մասնավորի ներկայացուցիչներն՝ ընկերության շահի տեսանկյունից։ Ոմանց համար սեփական անձի բարօրությունն առաջնային նշանակություն ունի, մինչդեռ գերնպատակը պետք է լինի պետության, իսկ մասնավորի պարագայում՝ ընկերության զարգացումը:
Կարծում եմ՝ երկրի տնտեսական զարգացման գործում իր ուրույն և կարևոր դերը պետք է ունենա Էկոնոմիկայի նախարարությունը, քանի որ հենց այս նախարարությունն է գծագրում երկրի տնտեսական զարգացման ճանապարհային քարտեզը, որոշում գերակա ուղղությունները՝ առաջնահերթություն տալով այս կամ այն ճյուղին: Հենց այս պատճառով է, որ հատկապես այս նախարարությունը պետք է համալրված լինի բանիմաց, փորձառու ու արագ արձագանքող կադրերով։ Սա շատ կարևոր հանգամանք է:
Ինքս լինելով հաճախ ճամփորդող անձնավորություն՝ միշտ ձգտում եմ տեսածս դրականը ներմուծել, ներդնել իմ երկրում։ Նույն մտածողությամբ պիտի առաջնորդվի ցանկացած անձ՝ լինի պետական պաշտոնյա, թե բիզնեսի ներկայացուցիչ. ձգտելով իր երկրի համար անել առավելագույն հնարավորը՝ ջանա իրականություն դարձնել զարգացած երկրների հաջողված փորձը։ Մեր երկրում պիտի մտածողության փոփոխություն լինի, ճիշտ ներդրվի հարկ վճարելու կոնցեպտը՝ հասարակության մեջ ձևավորելով հարկատուի՝ բարիք ստեղծողի հոգեբանություն:
-Իսկ որո՞նք են այն քայլերը, որ անհրաժեշտ է ձեռնարկել երկրի տնտեսության զարգացման համար։
-Վերջին տարիներին, ինչ խոսք, մեր երկրում բավականին բարեփոխումներ են կատարվել, սակայն այդ փոփոխությունների տեմպերը երբեմն դանդաղում են, առաջնահերթությունները վերանայվում են: Կան օրենքներ, որոնք ժամանակավրեպ են, մինչդեռ երկրի զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է խթանող օրենսդրական դաշտի ձևավորում: Իսկ ո՞վ պետք է ձևավորի, զարգացնի այդ օրենսդրական դաշտը. իհարկե, ոլորտի մասնագետները՝ ներգրավելով տարբեր փորձագետների, ստեղծելով մասնագիտական հանձնաժողովներ, որոնք խնդրո առարկայի վերաբերյալ կտան իրենց մասնագիտական եզրակացությունը: Տնտեսվարողների վրա բացասաբար է անդրադառնում նաև օրենսդրական դաշտի անկայունությունը, քանի որ հաճախակի փոփոխությունները հնարավորություն չեն տալիս տեսանելի դարձնել վաղվա օրը:
Մասնավոր սեկտորը երկրի տնտեսության առաջընթացն ապահովողն է, հետևապես օրենսդրական փոփոխությունները պետք է խթանեն բիզնեսի զարգացումը. չէ՞ որ հենց մասնավոր հատվածի շնորհիվ են ձևավորվում պետական բյուջեի եկամուտները, ապահովվում տարբեր սոցիալական ծրագրերի իրականացումը՝ բարձրացնելով երկրի բնակչության կենսամակարդակը, ուստի բոլորիս քայլերն ու ջանքերը պետք է ուղղված լինեն մեր երկրի բնակչության բարեկեցությունն ապահովելուն:
Հարստացեք և հարստացրեք պետությունը, ահա այն հայտնի կարգախոսը, որ ընկած է ցանկացած զարգացած պետության կայացման հիմքում։ Ստեղծելով տնտեսական աճին նպաստող իրավական դաշտ՝ պետությունը մասնավորին հարստանալու հնարավորություն պետք է ընձեռի, ինչն էլ իր հերթին մասնավորին հնարավորություն կտա հարստացնելու պետությունը՝ այդպես մեկը դարձնելով տասը, փոքրը՝ միջին, միջինը՝ խոշոր։ Այս գաղափարը պետք է լինի մեր երկրի զարգացման անկյունաքարը, բայց, ցավոք, այսօր ոչ բոլորն են դա գիտակցում:
-Եվ վերջում. ի՞նչ եք ցանկանում մեր երկրի թռիչքային զարգացման, Ձեր և Ձեր ընտանիքի բարեկեցության համար։
Թռիչքային զարգացու՞մ. առհասարակ անիրատեսական եմ համարում թռիչքային զարգացումը, լավ է առաջ գնալ թեկուզ փոքր, բայց հաստատուն ու վստահ քայլերով:
Մեր երկրի համար, իհարկե, խաղաղություն եմ ուզում, քանի որ երկրի զարգացումը հնարավոր է բացառապես խաղաղության պայմաններում, ընդ որում, ոչ միայն մեր երկրի, այլ ամբողջ տարածաշրջանի, աշխարհի։ Ամեն օր բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես են աշխարհի տարբեր ծայրերում ընթացող պատերազները մեծաթիվ մարդկանց մահվան, տեղահանման, ունեզրկման պատճառ դառնում։ Ով-ով, բայց գոնե մենք մեր մաշկի վրա ենք զգացել պատերազմի աղետալի հետևանքները: Խաղաղությունն այսօր կարևորագույն նախապայման է։
Անձամբ ես ոչ մի բանի կարիք չունեմ, մեծ ընտանիքս ամեն ինչով ապահովված է, իսկ իմ հանգստությունն ու անդորրը թոռնիկներիս հետ եմ գտնում։ Այսօր իմ նպատակը Հայէկոնոմբանկի և մեր ընտանիքին պատկանող մյուս բիզնեսների զարգացումն ու ընդլայնումն է։ Լինելով խոշոր հարկատուների ցանկում՝ ձգտում ենք ավելին անել, որպեսզի ավելի մեծ հարկեր վճարենք մեր երկրի բյուջե:
Եթե մեր պետությանն, ի վերջո, հաջողվի հասնել խաղաղության հաստատման, և մեր երկիրն անմասն պահվի աշխարհաքաղաքական վայրիվերումներից, ես անչափ երախտապարտ կլինեմ ու պարտավորված կզգամ հազարապատիկ ավելի շատ աշխատելու, որպեսզի շենացնեմ մեր հայրենիքը: