Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։


Ակնհայտ է, որ Իսրայելը փայլուն կերպով է կարողանում օգտագործել հիբրիդային պատերազմի միջոցները. Այն, որ իրանցի գիտնականները և բարձրաստիճան զինվորականները սպանվել են իրենց բնակարաններում՝  շատ բանի մասին է խոսում, ու առաջին հայացքից՝ Իսրայելի առավելությունն ակնհայտ է։ Թեև Իրանը հայտարարում է պատասխան հարվածների մասին,այնուամենայնիվ, մենք գոնե այս պահին միայն հայտարարություններ ենք լսում,- Araratnews-ի հետ զրույցում,  անդրադառնալով այս գիշեր Իրանի նկատմամբ տեղի ունեցած Իսրայելի հարձակմանը՝ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։


«Իսկ եթե այդ հարվածները տեղի ունենան՝ բավական քիչ է լինելու դրանց արդյունավետությունը, որովհետև արդեն Միացյալ Նահանգները և Իսրայելի մյուս դաշնակիցները հայտարարել են, որ պաշտպանելու են Իսրայելին իրենց հասու միջոցներով։ Այնպես որ, իմ կարծիքով, այս հակամարտությունում Իրանի համար ավելի ձեռնտու տարբերակն այն կլինի, որ նույնիսկ պատասխանի դեպքում այն չվերաճի ավելի մեծ լարվածության, որը Հայաստանի համար նույնպես ամենալավ տարբերակը կլինի»,- հավելեց Ղևոնդյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է Թեհրանի պատասխան հարվածը ուղղված լինի նաև Միացյալ Նահանգների ռազմական ենթակառուցվածքներին, քաղաքագետը հիշեցրեց, որ արդեն նախօրեին Իրանից հայտարարել էին, որ իր վրա հարձակման դեպքում՝ հարվածելու է մերձավոր արևելքում ամերիկյան ներկայացուցչություններին «Եվ հավանաբար այդ պատճառով  Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ իրենք չեն մասնակցել այդ գործողությանը։ Կարծում եմ՝ Իրանը կփորձի ամեն դեպքում նաև ԱՄՆ-ին պատասխանել, բայց եթե Իրանում սթափ են գնահատում իրավիճակը, ապա պետք է փորձեն անել այնպես, որ զարգացումները գնան մարման»։

Ինչ վերաբերում է պնդումներին, թե Ադրբեջանը կարող է օգտվել տարածաշրջանում սրված իրավիճակից՝ հարձակվելով Սյունիքի վրա, Ղևոնդյանը քիչ հնարավոր համարեց դրա հավանականությունը. ««Զանգեզուրի միջանցքի» հարցը միայն Իրանի դաշտում չէ, և միայն Իրանը չէ, որ խափանում է Ադրբեջանի ծրագրերը, բայց պատերազմը անորոշություն է, և ամեն ինչ կարող է մեկ օրվա ընթացքում փոխվել։ Եթե, օրինակ, ԱՄՆ-ն ներառվի այդ պատերազմում ՝ այդ դեպքում ամեն ինչ հնարավոր է, թեև մյուս կողմից գիտենք, որ տարածաշրջանում գործընթացները զարգանում են մի փոքր այլ տրամաբանությամբ. թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի դեպքում, կարծում եմ, ակնհայտ է լինելու առաջին հերթին չեզոքությունը, հետո նոր՝ ինչ-որ գործողություններ իրականացնելու պատրաստակամությունը»։


Ապա անդրադառնալով ԱԳՆ-ի՝ Իսրայելի գործողությունները դատապարտող հայտարարությանը, քաղաքագետը նկատեց, որ Հայաստանն ակնհայտորեն փորձում է համակրանք ցույց տալ Իրանի նկատմամբ «Թեև Իսրայելը մեզ համար բարեկամական երկիր չէ, առավել ևս 44-օրյա պատերազմից հետո, սակայն ճիշտ կլինի Հայաստանը այս իրավիճակում մնա հնարավորինս չեզոք։

Գեղամ Ադյան

726