Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գործընթացը, որը բերեց այս այցին, սկսվել է 2022 թվականին Պրահայի հանդիպումից: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ստամբուլում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ ցավոք, մեր տարածաշրջանը մնում է բավական լարված, և նմանօրինակ այցերի ու շփումների հիմնական նպատակներից է քննարկել՝ ինչ կարող ենք անել, որպեսզի տարածաշրջանը լինի ավելի կայուն, ավելի խաղաղ ու անվտանգ:

«Իհարկե, դա այս համատեքստում շփումների կարևորագույն օրակարգն է: Այն, որ մենք խոսում ենք հարաբերությունների կարգավորման մասին, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, հնարավոր տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման, քաղաքական երկխոսության մասին, այդ ամենը ի վերջո գործոններ են, որոնք բերում են անվտանգության»,- նշել է վարչապետը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են:

«Հաճախ չէ, որ էդպես պատահել է, բայց հիմա նկատելի է, որ մենք մի շարք հարցերում ունենք բավականին նման ընկալումներ․ խոսքը միջազգային օրակարգի հարցերի մասին է: Եվ սա էլ մի գործոն է, որը որոշակի ազդեցություն ունենում է հարաբերությունների մթնոլորտի և տրամադրության վրա»,- նկատել է Փաշինյանը՝ ընդգծելով՝ տարածաշրջանում Իրանում տեղի ունեցող իրադարձությունները շատ անհանգստացնող են:

173