ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը պարզաբանում է տարածել ԱԺ աշխատակազմի աշխատակիցների պարգևավճար ստանալու մասին։
Պարզաբանման մեջ ասվում է․
«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են, ինչպես ընդունված է ասել, «13-րդ աշխատավարձով», ինչը տարիներ շարունակ ընդունված պրակտիկա է թե՛ պետական և թե՛ մասնավոր կառույցներում, և աշխատակիցներն իրենց ընտանեկան բյուջեն նախատեսելիս մշտապես հաշվի են առնում այս ֆինանսական միջոցների առկայությունը։
Հատուկ ուզում ենք ընդգծել, որ ԱԺ նախագահը որոշում է կայացրել պատգամավորներին չհատկացնել 13-րդ աշխատավարձ։
Համապատասխան կարգադրությունն ԱԺ նախագահի կողմից ստորագրվել է դեկտեմբերի 14-ին, որը ենթակա է հրապարակման երկօրյա ժամկետում։
Օգտվելով առիթից՝ տեղեկացնում ենք նաև, որ 2020թ-ի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին արդեն իսկ հաջողվել է պարգևատրումների և բազմաթիվ այլ հոդվածներից տնտեսել և պետական բյուջե ուղղել շուրջ 845 մլն դրամ, որը ծառայել է համավարակով և պատերազմով պայմանավորված խնդիրների լուծմանը:
Նպատակադրվել ենք մինչև տարեվերջ պետական բյուջե ուղղվող ընդհանուր տնտեսումների չափը հասցնել առնվազն 1․2 միլիարդի, որը կազմում է ԱԺ տարեկան բյուջեի 20 տոկոսը»: