
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկներին, որոնք մեդալներով են վերադարձել Հունաստանի Հալկիդիկի շրջանում անցկացված Եվրոպայի գավաթի առաջնությունից: Մրցաշարն անցկացվել է Եվրոպայի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի (ETKF) նախաձեռնությամբ՝ ներգրավելով 12 երկրի մարզիկների։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 44 մեդալ են նվաճել, որոնցից 18-ը ոսկե, 11-ը՝ արծաթե, 15-ը՝ բրոնզե: Հայաստանի պատվիրակության կազմում 24 ներկայացուցիչ է ընդգրկվել, այդ թվում՝ մարզիկներ, մարզիչներ և թիմի պատասխանատու անդամներ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի ղեկավար խորհրդի անդամ Նարեկ Իսկանդարյանը:
Ողջունելով մեդալակիր մարզիկներին և նրանց մարզիչներին՝ Հասմիկ Ավագյանը շնորհակալություն է հայտնել մրցաշարում դրսևորած նվիրումի, բարձր արդյունքների և Հայաստանի պատիվը միջազգային ասպարեզում բարձր պահելու համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալը հատկապես կարևորել է հայկական ավանդական կարատեի կայուն զարգացումն ու այդ ուղղությամբ ներդրվող ջանքերը՝ բարձր գնահատելով մարտարվեստի մարզիչների դերակատարությունը երեխաների՝ որպես մարզիկ և անհատ ձևավորման ճանապարհին:
«Անգնահատելի է այն ներդրումը, որ ունենում եք երեխաների առողջ ապրելակերպի, դաստիարակության, բարոյական և կամային արժեքների ձևավորման գործում»,- դիմելով մարզիչներին՝ ասել է Հասմիկ Ավագյանը:
ԿԳՄՍ նախարարը նաև զրուցել է պատանի մարզիկների հետ Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում գրանցած արդյունքների, տպավորությունների և զգացողությունների մասին:
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նշել՝ ավանդական կարատեն մեր երկրում ամուր հիմքերի վրա է, ինչի արդյունքում Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում հայ մարզիկները տպավորիչ արդյունքներ են գրանցել:
6-7 տարեկանների խմբում Հայաստանի ներկայացուցիչ Վարդան Իսկանդարյանը ոսկե մեդալ է նվաճել անհատական կատա և կիհոն մարզաձևերում, իսկ անհատական կումիտե մրցաձևում դարձել է արծաթե մեդալակիր: Նույն տարիքային խմբում Էդուարդ Մանասյանը բրոնզե մեդալ է նվաճել անհատական կատա, անհատական կումիտե և կիհոն մարզաձևերում: 8-9 տարեկանների խմբում Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալներ է նվաճել անհատական կատա և կիհոն մրցաձևերում, անհատական կումիտե և թիմային կատա մրցաձևերում դարձել է բրոնզե, իսկ թիմային կումիտե մրցաձևում՝ արծաթե մեդալակիր: Նույն տարիքային խմբում Դավիթ Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել անհատական կատա և կիհոն մրցաձևերում, անհատական կումիտե մրցաձևում դարձել է բրոնզե, իսկ թիմային կումիտե մրցաձևում՝ արծաթե մեդալ:
8-9 տարեկանների խմբում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարդան Աբովյանն անհատական կատա և անհատական կումիտե մրցաձևերում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ անհատական կատա մրցաձևում՝ բրոնզե:
10-11 տարեկանների խմբում Ալեքս Մուրադյանը 5 ոսկե մեդալ է նվաճել անհատական կատա, անհատական կումիտե, կիհոն, թիմային կատա և թիմային կումիտե մրցաձևերում: Նույն տարիքային խմբում Հովհաննես Զարգարյանն արծաթե մեդալներ է նվաճել անհատական կատա, անհատական կումիտե, կիհոն և թիմային կումիտե մրցաձևերում, իսկ թիմային կատա մրցաձևում դարձել է բրոնզե մեդալակիր: 10-11 տարեկանների խմբում Տիգրան Հարությունյանը բրոնզե մեդալներ է նվաճել անհատական կատա, անհատական կումիտե և կիհոն մրցաձևերում, իսկ թիմային կումիտե մրցաձևում դարձել է ոսկե մեդալակիր: Նույն տարիքային խմբում Դավիթ Հարությունյանն անհատական կատա, անհատական կումիտե, թիմային կատա մրցաձևերում նվաճել է բրոնզե, իսկ թիմային կումիտեի մրցաձևում՝ արծաթե մեդալ:
12-13 տարեկանների խմբում Մարկ Սուքիասյանը հաղթող է ճանաչվել թիմային կատա և թիմային կումիտե մրցաձևերում, իսկ անհատական կատա մրցաձևում նվաճել է բրոնզե մեդալ: Նույն տարիքային խմբում Հովհաննես Եղիազարյանը ոսկե մեդալներ է նվաճել կիհոն, թիմային կատա և թիմային կումիտե մրցաձևերում:
16-17 տարեկանների խմբում Վահե Հովհաննիսյանն առաջին տեղն է զբաղեցրել անհատական Կո-Գո կումիտե մրցաձևում, իսկ անհատական շոբու իպպոն կումիտե մրցաձևում նվաճել է արծաթե մեդալ:
Եվրոպայի գավաթի խաղարկության արդյունքներով ձևավորվել է Հայաստանի հավաքականը, որը հոկտեմբերի 20-26-ը Սերբիայում մասնակցելու է Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի ղեկավար խորհրդի անդամ Նարեկ Իսկանդարյանի խոսքով՝ Երևանում և ՀՀ մարզերում մինչև 2500 պատանիներ են զբաղվում այս մարզաձևով: