Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի մասով ունենք խոսուն վիճակագրություն. 2024 թվականին 56 հազար նման դեպք ենք արձանագրել, 2023-ին՝ 38 հազար: Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 2-ի նիստին ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:

Անդրադառնալով առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված տուգանքներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց՝ կա՞ վիճակագրություն, որ սանկցիաներն արդյունավետ չեն:

Նախարարի տեղակալը նախ պարզաբանեց, որ վարորդական իրավունք չունեցող են համարվում նաև այն վարորդները, որոնք զրկված են եղել վարորդական իրավունքից 1 տարի ժամկետով և 1 տարին լրանալուց հետո չեն վերականգնում տրանսպորտային միջոց վարելու իրավունքը:

«1 տարին լրանալուց հետո տեսնում ենք, որ կա տենդենց՝ քաղաքացիները չեն գնում նորից քննություն տալու և վարորդական վկայական վերցնելու, և երբ արձանագրվում է խախտումը, ընդամենը 25 հազար դրամ վճարելով, շարունակում են կատարել իրավախախտումը, ինչը բարձր հանրային վտանգավորություն է ստեղծում փաստացի՝ առանց վարորդական իրավունք ունենալու վարելու իմաստով»,- ասաց նա:

Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ խնդրի լուծման նպատակով որոշում է կայացվել, որ վարչական իրավախախտման պարագայում սանկցիան պետք է բարձրացնել 25 հազար դրամից 50 հազարի, իսկ եթե 1 տարվա ընթացքում իրավախախտումը երկրորդ անգամ է կատարվում՝ այն կդիտարկվի որպես Քրեական օրենսգրքով կատարված արարք:

409