
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են՝ Հայաստանի շուրջ 2737 կմ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ։ Ամառային սպասարկում կատարվում է ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 16-ը ժամանակահատվածում 33 կապալառու կազմակերպությունների կողմից հանրապետության 38 տարածաշրջաններում։
Մասնավորապես‚ անխափան և անվտանգ երթևեկության ապահովման նպատակով կատարվում է ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի, հողային պաստառի, արհեստական կառույցների, կահավորանքի և ինժեներական շինությունների խնամք, ճանապարհների, թունելների, կամուրջների և այլ տարրերի վնասվածքների առաջացման կանխարգելում և այլն։
Ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից ուշադրություն է դարձվում‚ որպեսզի մետաղական արգելապատնեշները վնասված կամ ժանգոտած չլինեն‚ լուսային անդրադարձիչները չբացակայեն‚ ճանապարհային նշանները տեղում ու հստակ տեսանելի լինեն‚ աղբը ճանապարհից ժամանակին հավաքվի‚ ճանապարհի եզրերի կամ բաժանարար գոտու խոտը մաքրվի, վերականգնվեն կողային առուներն ու կողնակները։ Կատարվում է նաև փոսային նորոգում և այլն։
Ճանապարհը սպասարկողները հատկապես ընդգծում են աղբի խնդիրը։ Հավաքում են աղբը‚ սակայն շատ կարճ ժամանակ անց մարդիկ բերում և ճանապարհի եզրերին կուտակում են մեծ քանակությամբ աղբ։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչները կարևորում են նաև վարորդների ու քաղաքացիների շրջանում շրջապատը չաղտոտելու գիտակցությունն ամրապնդելու խնդիրը։