
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Շուշիի եռյակ»-ից Արմենն արդեն լավ է։ Դժբախտ պատահարից հետո երեխան կազդուրվում է ու նորից ժպտում՝ այնպես, ինչպես Ղազանչեցոցի բակում՝ Շուշիում իրենց վերջին լուսանկարում։
Մայրը՝ Արևիկը, շնորհակալություն է հայտնում մարդկանց՝ համախմբվածության ու աջակության համար։ Պատմում է, որ ընդամենը տասը րոպեում այնքան դոնոր է պատրաստակամություն հայտնել՝ անհրաժեշտ արյունը հանձնելու․․․
«Հուլիս ամիսը սկսելուն պես երեխաներիցս Արմենն ընկավ հիվանդանոց։ 5 օր վերակենդանացման բաժանմունքում էր բուժում ստանում, մի շաբաթ էլ՝ ստացիոնար։
Տղայիս բուժման համար արյուն էր անհրաժեշտ, և ես այնքան շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ էին օգնել։
Երբ ես դիմեցի մարդկանց, որ արյուն է անհրաժեշտ, 10 րոպեում այնքան դոնոր գտնվեց․․․
Ուզում եմ այն մարդկանց շնորհակալություն հայտնել, ովքեր մեր կողքին էին թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Ծանոթ-անծանոթ՝ բոլորը զանգում էին, փորձում էին օգտակար լինել ինչով հնարավոր է։ Մարդկանց այս համախմբվածությունը և օգնելու պատրաստակամությունն ինձ չզարմացրեց։ Ես այդ ամենը տեսել ու զգացել էի 2020 և 2023 թվականների պատերազմների ժամանակ։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այն մարդկանց, ովքեր լինելով հարազատ-բարեկամ, իրենց օտարի պես պահեցին, շնորհակալ եմ, որովհետև ձեր շնորհիվ իմ աչքերն ավելի հեռուն սկսեցին տեսնել։
Հիմա Արմենն իր ժպիտով բարևում և շնորհակալություն է հայտնում բոլորին», - սոցցանցի իր էջում գրել է Արևիկը։