Ինչպես պահպանել առողջությունը շոգ եղանակին. խորհուրդներ ՀՀ առողջապահության նախարարությունից

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար: Բարձր ջերմաստիճանը ծանրաբեռնում է սիրտը և անոթները, արագացնում ջրի կորուստը, բարձրացնում կամ իջեցնում է զարկերակային ճնշումը:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ սա հատկապես վտանգավոր է զարկերակային գերճնշման, սրտային անբավարարության և շաքարային դիաբետի դեպքում։
«Եթե ունեք սրտանոթային համակարգի հիվանդություններ
- Օրական խմեք 1,5-2 լիտր ջուր, նույնիսկ առանց ծարավի զգացումի:
- Խուսափեք արևից 11:00-17:00-ը ընկած ժամանակահատվածում:
- Կրեք թեթև, բաց գույնի, օդաթափանց հագուստ և գլխարկ:
- Օրվա ընթացքում 1-2 անգամ չափե՛ք զարկերակային ճնշումը:
- Ձեր բժշկի հետ քննարկեք դեղերի, դեղաչափերի հնարավոր փոփոխությունը տապի ժամանակ:
- Թուլության, կրծքավանդակի ցավի, գլխապտույտի դեպքում անմիջապես դիմեք բժշկի:
Եթե ունեք շաքարային դիաբետ
- Վերահսկեք գլյուկոզի մակարդակը:
- Ինսուլինն ու գլյուկոմետրը պահեք համապատասխան պայմաններում:
- Տապին սահմանափակեք ֆիզիկական ակտիվությունը:
- Վատ ինքնազգացողության դեպքում չափեք արյան մեջ գլյուկոզի մակարդակը և դիմեք բժշկին:
Ընդհանուր խորհուրդներ
- Օգտագործեք օդորակիչ կամ օդափոխիչ:
- Ցանկալի է սննդակարգում ավելացնել թարմ բանջարեղեն և մրգեր:
- Սահմանափակեք ճարպոտ, աղի, ապխտած ուտեստները:
- Խմեք բավարար ջուր, խուսափեք քաղցր հյութերից և գազավորված ըմպելիքներից:
- Պլանավորեք զբոսանքները առավոտյան և երեկոյան ժամերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
18 Հուլիս, 2025 11:21
177