ԱԱՏՄ ստուգայցը՝ Մատենադարանում, թանգարաններում և կինոթատրոններում

Covid-անվտանգության կանոնների վերահսկողական և իրազեկման միջոցառումները շարունակվում են մայրաքաղաքի մշակութային հաստատություններում:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ստուգայցը Մատենադարանում, Երևանի թանգարաններում ու կինոթատրոններում որոշակի խախտումներ է արձանագրել:

Մասնավորապես՝ օգտագործված թափոնների համար նախատեսված ոտնակով փակվող աղբամանները բավարար քանակով չեն եղել, ախտահանիչները չեն ունեցել մակնշում, որոշ հաստատությունների սանհանգույցներում եղել են պտուտակավոր ծորակներ, որոնք չեն համապատասխանում համաճարակային պայմաններում սահմանված նորմերին, եղել են նաև գրանցամատյանների ու իրազեկման թերթիկների հետ կապված թերություններ:

ԱԱՏՄ համաճարակաբանները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են կառույցների պատասխանատուներին խստորեն հետևել սահմանված հակահամաճարակային նորմերին:

Կինոթատրոնների և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ. օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով սահմանված են առանձին կանոններ, մասնավորապես.

Մշակութային կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել ՝

դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված ախտահանիչ միջոցների առկայությունը,

ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով,

 թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, ոտնակային փակվող կափարիչով աղբամաններով,

 հեռահար ջերմաչափով,

 մուտքի մոտ, հանդերձարաններում, խոհանոցային հատվածում, առանձին սրահներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70%-ոց ալկոհոլի հիմքով,

 ամեն օր առնվազն 2 անգամ՝ մինչ աշխատանքի սկիզբը և ընդմիջումից հետո մակերեսները, ընդհանուր օգտագործման գործիքները, պարագաները, մասնագիտական գույքը, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսները ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ ախտահանիչ միջոցով,

ապահովվել պատշաճ բնական օդափոխություն օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ:

Թատերահամերգային միջոցառումները, կինոցուցադրությունները, մշակութային միջոցառումները և այլ ներկայացումները կազմակերպվում են բացօթյա կամ բնական կամ ներհոս-արտաձիգ օդափոխության համակարգով ապահովված տարածքներում.

 միջոցառման վայրի մուտքի մոտ իրականացվում է հանդիսատեսի ջերմաչափում՝ հեռավար ջերմաչափով,

 ապահովվում է 1-ական մուտք և 1-ական հսկիչ՝ յուրաքանչյուր 30 հանդիսատեսի համար,

 միջոցառման ժամանակ ապահովվում է բեմահարթակից մինչև հանդիսատես առնվազն 6 մետր հեռավորություն,

 փոքր դահլիճների դեպքում՝ առնվազն 2 մետր հեռավորություն,

ապահովվում է հանդիսատեսների միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն, անհնարինության դեպքում՝ նստեցումն իրականացվում է հորիզոնական 2 դատարկ նստատեղ, ուղղահայաց 1 դատարկ նստատեղ ձևաչափով,

 բացառություն են մանկահասակ հանդիսականների համար միջոցառումները. մինչև 12 տարեկան երեխաների նստեցումը կարող է կազմակերպվել ընտանիքի չափահաս անդամի հետ, առանց սոցիալական հեռավորության պահպանման,

միջոցառման ամբողջ ընթացքում դիմակի կրումը պարտադիր է,

 կորոնավիրուսային հիվանդության բնորոշ ախտանշաններով անձանց չի թույլատրվում մուտք գործել միջոցառման համար նախատեսված տարածք:

 

926