Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շինարարական բումը

Դեռ 2000-ականների սկզբից՝ ուսանողական տարիներից, պարբերաբար եղել եմ մեր երկրի գրեթե բոլոր անկյուններում։ Հիմա էլ եմ շատ ճանապարհորդում՝ շաբաթական մի քանի անգամ թե՛ մեքենայով, թե՛ հեծանիվով։ Ի դեպ, վերջինս թույլ է տալիս շատ ավելի մանրամասն ծանոթանալ մեր երկրին և սիրել այն։

Ուրեմն, բառի ուղիղ իմաստով, չկա մի այնպիսի տեղ մեր երկրի տարբեր հատվածներում, որտեղ շինարարական եռուզեղ չլինի։ Մի տեղ ճանապարհ է կառուցվում գրեթե զրոյից, մեկ այլ տեղ խմելու կամ ոռոգման ջրագիծ է անցկացվում, համայնքային գրունտային ճանապարհներ են ասֆալտապատվում կամ սալապատվում, երբեք գիշերային լուսավորություն չունեցած գյուղերն են լուսավորվում։ Անհաշվելի դպրոցներ, մանկապարտեզներ, բժշկական կենտրոններ, սպորտային դպրոցներ, մշակույթի տներ են կառուցվում, իսկ կառուցվածները շահագործման են հանձնվում։ Պետական աջակցությամբ 16 միլիոն դրամի ծրագրով հարյուրավոր առանձնատներ են կառուցվում սահմանամերձ գյուղերում։ Ռազմավարական օբյեկտներ են կառուցվում լայն թափով՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի տարբեր հատվածներ (Աշտարակից մինչև Գյումրի), ամբողջովին նոր Ագարակ-Քաջարան հատվածը՝ մի քանի թունելներով և կամուրջներով, զրոյից ջրամբարներ կառուցվում։ Էլ չեմ խոսում զինվորական ամրաշինական աշխատանքների մասին։ Նաև չեմ հիշատակում մասնավոր հատվածի կողմից իրականացվող հսկայական կառուցապատումը՝ բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ, հյուրանոցներ, ռեստորաններ, մեծ հանգստի գոտիներ և այլն։

Բառի բուն և ուղիղ իմաստով՝ ամբողջ երկրում շինարարական բում է։

Եվ գիտեք, այս ամենն այնքան տեսանելի է, որ երբեմն աչքերիդ չես հավատում։ Չես հավատում, որ հնարավոր է միաժամանակ այսքան բան կառուցել և վերակառուցել։ Չես հավատում, քանի որ քեզ անդադար ասել են, որ դա հնարավոր չէ, որովհետև «փող չկա»։ Իսկ միգուցե փող կար, բայց կամք չկա՞ր, քանի որ այդ փողերը գնում էին ապօրինի զավթված հողերի վրա դղյակներ կառուցելուն կամ հունական կղզիներում ու Հոլիվուդում կրկին դղյակներ գնելուն և այլ նմանատիպ ծախսերի վրա։ Կամ էլ միգուցե՞ «փող չկար», քանի որ տնտեսությունը տոտալ մոնոպոլիզացված էր, և ոչ մի «դաբրո» չունեցող չէր կարող բիզնեսով զբաղվել, հավելյալ արժեք ստեղծել ու հարկեր վճարել։

Վստահ եմ՝ այս հարցերի պատասխանները բոլորի համար պարզ են, և մենք պետք է գիտակցենք, որ չի կարելի թույլ տալ, որ այս ընթացքը կասեցվի, որ նորից «փող չլինի» մեր երկիրը կառուցելու և զարգացնելու համար։

460