Արցախի պաշտպանության ընթացքում քաղաքացիական զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրվող սոցիալական աջակցության ընթացակարգը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։

Շահառուն կարող է դիմում ներկայացնել  e-request.am միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական կայքէջի՝ mlsa.am-ի «Գրեք նամակ» բաժնի միջոցով՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։

Հիշեցնենք, որ ծրագրի շահառու են և՛ Հայաստանի, և՛ Արցախի քաղաքացիները, որոնց աջակցությունը կտրամադրվի միանվագ դրամական օգնության ձևով՝

1․ առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին՝ 3.000.000 դրամ,

2․ երկրորդ խմբի դեպքում` 2.000.000 դրամ,

3․երրորդ խմբի դեպքում` 1.000.000 դրամ,

4․ անչափահասներին՝ անկախ հաշմանդամության խմբից՝ 3.000.000  դրամ,

5․ զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին՝ 5.000.000 դրամ։

Աջակցությունը նշանակելու կամ մերժելու մասին քաղաքացին գրավոր եղանակով կտեղեկանա առավելագույնը 30 օրվա ընթացքում: Գումարը կտրամադրվի անկանխիկ՝ դիմումը հաստատվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

Հաշմանդամություն ձեռք բերած չափահաս շահառուները դիմումի մեջ պետք է նշեն անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), հանրային ծառայությունների համարանիշը և բժշկասոցիալական փորձաքննական որոշման էլեկտրոնային լուսապատճենը։

Անչափահաս շահառուի դեպքում պետք է նշել օրինական ներկայացուցչի անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), հանրային ծառայությունների համարանիշը, երեխայի անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ծննդյան վկայականի և բժշկասոցիալական փորձաքննական որոշման էլեկտրոնային լուսապատճենները։

Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ պետք է նշել անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), հանրային ծառայությունների համարանիշը, էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը և զոհվածի մահվան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը։

Այս դեպքում անհրաժեշտ է կցել նաև ամուսնության վկայականի էլեկտրոնային լուսապատճենը` զոհվածի ամուսնու համար, զոհվածի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը` զոհվածի ծնողի համար, երեխայի ծննդյան վկայականի և երեխայի ծնողների ամուսնության վկայականի (կամ հայրության ճանաչման վկայականի) էլեկտրոնային լուսապատճենը՝ զոհվածի երեխայի համար։

370