Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայում շարունակվում են համաշխարհային համալսարանական ամառային խաղերը (ունիվերսիադա), որին ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ մրցելույթներն ավարտել են գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչներ Ջուլիետա Ավետիսյանը և Սիլվա Սարգսյանը՝ համապատասխանաբար հավաքելով 78,350 և 83,700 միավոր: Սուսերամարտիկ Դարիա Մալիշևան, ենթախմբում տանելով չորս հաղթանակ, դուրս է եկել 1/32 եզրափակիչ, որտեղ 15:12 հաշվով հաղթել է լեհ մրցակցին, սակայն լավագույն ութնյակ անցնելու պայքարում 15:4 հաշվով զիջել է իտալացի մարզիկին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մ ազատ ոճ լողատարածությունում ցույց է տվել 58.19 վրկ արդյունք և Հայաստանի նոր ռեկորդ սահմանել: 100 մ բատերֆլայ լողատարածությունում Մանուչարյանը 1.01.35 վրկ արդյունքով 43 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը, իսկ Աշոտ Չախոյանը 100մ ազատ ոճ լողատարածությունում գրանցել է 54.66 արդյունք:

Մրցելույթներն ավարտել են նաև թաեքվոնդոյի ներկայացուցիչներ՝ 57 կգ քաշային Մելինե Հովհաննիսյանը և 68 կգ քաշային Դավիթ Թոորսյանը:

Համաշխարհային ամառային ունիվերսիադայում Հայաստանը ներկայացնում են 18 մարզիկներ, որոնք հանդես են գալիս 7 մարզաձևում։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, պատվիրակության քարտուղարը ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանն է։

Հուլիսի 21-ին մրցապայքարի դուրս կգան թաեքվոնդոյիստ Արմեն Դանիելյանը (74 կգ), հեռացատկորդ Յանա Սարգսյանը և լողորդ Աշոտ Չախոյանը ( հանդես կգա 50 մ բրաս մրցաձևում)։

Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը կտևեն մինչև հուլիսի 27-ը:

 

88