Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA/ՀԸԳՀ) ներքո իրականացվող սպառողների շահերի պաշտպանության բարեփոխումների համատեքստում մեկնարկել է նոր տեխնիկական աջակցության առաքելություն՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀԸԳՀ մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ծրագրի շրջանակներում։ «Աջակցություն սպառողների շահերի պաշպանության օրենսդրության մոտարկմանը 2» առաքելությունն իրականացվել է Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի (UOKiK) փորձագետների կողմից։ 

Այցի ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ, որոնց մասնակցել են ծրագրի պատասխանատուներ և փորձագետներ, շահագրգիռ գերատեսչությունների, այդ թվում՝ արդարադատության, էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներ։

ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սպառողների պաշտպանության օրենսդրության բարեփոխումներին շարունակական աջակցության համար՝ հավելելով, որ այն գործնականում արդեն իսկ ցույց է տվել իր հաջողված արդյունքները։ Մասնավորապես առաջին տեխնիկական աջակցության առաքելության շրջանակում միջազգային փորձագետների ներկայացրած առաջարկությունների հաշվառմամբ մշակված օրենսդրական փաթեթը հուլիսի 3-ին ընդունվել է Ազգային ժողովի կողմից և ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից։

Օրենսդրական բարեփոխումների երկրորդ փաթեթով նախատեսվում է փորձագիտական թիմի աջակցությամբ մշակել փոփոխություններ՝ սպառողական պայմանագրերում անարդար պայմանների, մոլորեցնող և համեմատական գովազդի, սպառողների իրավունքների, ապրանքի վաճառքի պայմանագրերի վերաբերյալ ԵՄ դիրեկտիվներին համահունչ։ 

Հանդիպումների ընթացքում փորձագետներին ներկայացվել են իրականացված աշխատանքների ընթացքը, վեր են հանվել գործընթացի առկա հարցերը և հստակեցվել հետագա գործողությունները։

142